Հոկտեմբերի 26-ին Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին հաշված ժամեր են մնացել։ Վաղը Վրաստանի քաղաքացիները կընտրեն օրենսդիր մարմին։ Այս խորհրդարանական ընտրությունները Վրաստանի համար շատ կարևոր ու վճռորոշ են լինելու։ Ընտրությունների կարևորությունը մի քանի գործոններով են պայմանավորված։
Նախ` մինչ ընտրությունները բազում փոփոխություններ կատարվեցին, փոխվեց Ընտրական օրենսգրքի մի քանի կետ։ Առաջին անգամ Վրաստանի քաղաքացիները կընտրեն լրիվ համամասնական ընտրակարգով, բնակիչների 90 տոկոսից ավելին՝ էլեկտրոնային տեխնոլոգիաների կիրառմամբ և այլ փոփոխություններ ևս, որոնց մասին բազմիցս գրել է «Ալիք Մեդիա»-ն։
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, երկրի ողջ տարածքում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ, իսկ թե ինչ տրամադրություններ են իշխում Ախալքալաքում, դրա մասին խոսեցին մեր զրուցակիցները։
«Ընտրություններին գնալու եմ, գիտեմ, որ պարտադիր է մասնակցելը։ Որոշ կուսակցությունների գործունեությանը ծանոթ եմ, իսկ ոմանց ոչ տեսել ենք, ոչ էլ լսել։ Ցանկալի կլիներ, որ, բացի իշխող կուսակցությունից, մնացածներն էլ ակտիվ լինեին մեր մունիցիպալիտետում։ Հիմնականում համոզված են լինում, որ մեզ մոտ իշխող կուսակցությանն են աջակցում բոլորը, դրա համար գալիս են` մի երկու պաստառ փակցնում, ու վերջ», — ասաց Ախալքալաքի բնակիչներից մեկը։
Մեկ այլ բնակչի համոզմամբ, ընտրություններին քաղաքացիները մեծ ակտիվությամբ են մասնակցում, բայց թե որքանով են վստահ, որ ընտրությունները չեն կեղծվի, հստակ չգիտի․
«Այս ընտրություններն էլեկտրոնային տեխնոլոգիաների միջոցով են անցկացվելու, Հայաստանում էլ են գործածվել այս տեխնոլոգիաները։ Կարծում եմ` բավականին վստահելի են։ Սակայն իմ շուրջը շատերից եմ լսել, որ ընտրությունները կարելի է անգամ նման տեխնոլոգիաների կիրառմամբ կեղծել, և այնքան էլ չեն վստահում, բայց իրենց ձայնը տալու համար մեծ մասը գնալու է»։
Ախալքալաքից սովորելու նպատակով մեծ քաղաքներ մեկնած ուսանողները հիմա մունիցիպալիտետում չեն, բայց ոմանք որոշել են գալ և քվեարկել։ Արփինե Մարտիրոսյանը սովորում է Թբիլիսիի պետական համալսարանում, իսկ ընտրություններին որպես դիտորդ է մասնակցելու։
«Այս տարի առաջին անգամ եմ մասնակցելու ընտրություններին, բայց միայն ձայն տալու համար երևի չգայի Թբիլիսիից. երբ գրանցվեցի նաև որպես դիտորդ, շատ ուրախացա, որ նաև ընտրություններին կկարողանամ մասնակցել։ Միանշանակ բոլորին կոչ եմ անում գնալ ընտրության», — ասաց ուսանողուհին։