Վրաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանը լարված և իրադարձային էր: Այստեղ կներկայացնենք այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել այդ օրերի ընթացքում:
Իրադարձություններից մեկը ԵՄ 27 երկրների ղեկավարների որոշումն էր, ըստ որի՝
- Դադարեցվեց Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու գործընթացը. «Վրացական իշխանությունների գործողությունների, որոշումների ու հայտարարությունների հետևանքով ԵՄ 27 երկրների ղեկավարները որոշեցին դադարեցնել Վրաստանի ԵՄ անդամակցության գործընթացը։ Այսպիսով, խնդիրը Բրյուսելում, Վաշինգտոնում կամ Կիևում չէ: Ե՛վ խնդիրը, և՛ դրա լուծումն այստեղ՝ Վրաստանում է»,- ասել էր Վրաստանում Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին։ «Եթե վրաց ժողովուրդը որոշի ապրել միակուսակցական երկրում, որտեղ քաղաքական ընդդիմությունն արգելված է, քաղաքացիական հասարակությունը չի կարող ազատ գործել, չկան անկախ լրատվամիջոցներ, և յուրաքանչյուր անհատի իրավունքները պաշտպանված չեն, Վրաստանը երբեք չի դառնա Եվրամիության անդամ»։ Դեսպանի պարզաբանումը ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան կարևոր է անկախ լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակության ստեղծման գործում։
- «Վրացական երազանք»-ի ներկայացրած Ուկրաինային վարկաբեկող պաստառները. Հեռուստաալիքներ «Մթավարի արխի»-ի, «TV Պիրվելի»-ի և «Ֆորմուլա»-ի փոխանցմամբ՝ իրենք հրաժարվել էին հեռարձակել «Վրացական երազանք»-ի ներկայացրած պաստառները, որտեղ ցուցադրված են Ուկրաինայի պատերազմը վարկաբեկող պաստառներ։ Վրացի վերլուծաբան Պաատա Զաքարեիշվիլին «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում անդրադարձել էր «Վրացական երազանք»-ի պաստառներին և ներկայացրել իր գնահատականն այս խնդրի շուրջ: ««Վրացական երազանք»-ն այս պաստառներով ցանկացել է տպավորություն ստեղծել, թե, իբր, Վրաստանը խուսափել է այն ամենից, ինչը տեղի է ունեցել Ուկրաինայում, բայց ոչինչ չի ասվել այն մասին, թե ինչու է այդ ամենը տեղի ունեցել Ուկրաինայում։ Ստացվում է, որ ուկրաինացիներն իրենք են ստեղծել այդ իրավիճակը։ Ոչ մի խոսք այն մասին, որ Ուկրաինան չի արել որևէ բան, որը պատճառ դառնար Ռուսաստանի ագրեսիայի։ Ստացվում է, որ այդ պաստառներն արդարացնում են Ռուսաստանի ագրեսիան Ուկրաինայի դեմ»,- ասել էր Զաքարեիշվիլին:
- «Ռուսական օրենք»-ի դեմ բողոքարկում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում. Այս օրերին 16 լրատվական կազմակերպություն՝ 120 քաղաքացիական հասարակության կազմակերպության և 4 անհատի հետ միասին, «Ռուսական օրենքը» բողոքարկել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ «Մեդիա պաշտպանության կոալիցիան» նշել էր, որ ռուսական օրենքի ընդունումից հետո «Վրացական երազանք»-ն ուժեղացրել է ճնշումը անկախ լրատվամիջոցների վրա և դրա համար օգտագործում է իր ազդեցությունը Հաղորդակցության հանձնաժողովի և դատարանի վրա:
- Ընտրությունների և եվրոպական պարտավորությունների ֆոնին ադրբեջանցի լրագրողը գտնվում է վրացական բանտում. Թբիլիսիում օգոստոսի 3-ին ձերբակալված Աֆգան Սադիգովը սեպտեմբերի 21-ից հացադուլ էր հայտարարել Թբիլիսիի քննչական մեկուսարանում։ Թբիլիսիի մեկուսարանում հացադուլի 17-րդ օրը Սադիգովի առողջական վիճակը վատացել էր և նրան տեղափոխել էին հիվանդանոց։
- Դիտորդական առաքելություն «Չեմի խմա» («Իմ ձայնը»). «Իմ ձայնը» դիտորդական առաքելության գործունեության արդյունքում ընտրություններին հետևելու է մինչեւ 2000 դիտորդ։ «Իմ ձայն»-ը գործընթացը համակարգում է տեղական մոնիտորինգ իրականացնող կազմակերպությունների հետ՝ ապահովելու նպատակով յուրաքանչյուր ընտրողի ձայնի պաշտպանվածությունը:
- Անձնական տվյալների ապօրինի օգտագործումը. Նախընտրական շրջանի խնդիրներից են իշխող կուսակցության կողմից ընտրողների անձնական տվյալների, այդ թվում՝ անձնական տվյալների ապօրինի հավաքագրման և օգտագործման փաստերը։ Ընտրողների տվյալները, թերևս, պետական գերատեսչությունների կողմից փոխանցվում են իշխող կուսակցությանը՝ ընտրողների կառավարումը հեշտացնելու համար։ Վրացի իրավաբան Գիորգի Մոնիավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում ասել է, որ դպրոցներում և այլ պետական հաստատություններում աշխատակիցներից պահանջում են իրենց, ինչպես նաև ընտանիքի անդամների անձնական տվյալները: Իրավաբանի պարզաբանմամբ՝ դա մարդու իրավունքների խախտում է: «Քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրումը քրեական հանցագործություն է: Այս ամենն արվում է ընտրություն կատարողների վրա ճնշում գործադրելու նպատակով։ Չի կարելի վերցնել մարդկանց անձնական տվյալները ցանկացած նպատակով, դա հանցագործություն է:
- Անձը հաստատող փաստաթղթերի բռնագրավում. Խնդիր է նաև ընտրողների համար նույնականացման քարտերի առգրավումը։ Նման փաստերի վերաբերյալ դիմել են տասնյակ քաղաքացիներ։ Այս դեպքում ևս, չնայած լրատվամիջոցներն ու ընդդիմադիր կուսակցությունները տեղեկություններ են տարածում նույնականացման քարտերի առգրավման և այդ գործընթացներին իրավապահ մարմինների և պետական այլ ծառայողների ներգրավման մասին, պատասխանատու քննչական մարմինները, մասնավորապես՝ Հատուկ քննչական ծառայությունը, որևէ հայտարարություն չեն անում։
- Վարչական ռեսուրսի օգտագործում. Պետբյուջեով ֆինանսավորվող միջոցառումների ժամանակ իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից նախընտրական քարոզարշավը շարունակվում է, ինչն արգելված է և Վրաստանի ընտրական օրենսդրության խախտում է։ Նաև ընտրական հանձնաժողովները համալրված են ավագանիների անդամներով, քաղաքապետարանների աշխատակիցներով, «Վրացական երազանք»-ի համակիրներով և նրանց ընտանիքների անդամներով։
- Քվեարկության գաղտնիության մասին ապատեղեկատվություն. Ակտիվ ապատեղեկատվական արշավ է ընթանում, այդ թվում՝ հանրային ծառայություններում, իբր` էլեկտրոնային քվեարկությունը գաղտնի չէ, ինչը սուտ է։ Ձայների հաշվման և ընտրողների ստուգման մեքենաները միմյանց հետ կապ չունեն։ Էլեկտրոնային քվեարկության գործող ընթացակարգը լիովին ապահովում է քվեարկության գաղտնիությունը։ Ուստի ընտրողները կարող են ազատորեն կատարել ընտրություն ըստ իրենց կամքի:
- Կեղծ «ընտրաթերթիկներ». Մեդիահարթակում վերջին շրջանում քննարկման առիթ էին նաև կեղծ «ընտրաթերթիկները»: «Տարածվող տեղեկությունների համաձայն՝ բաժանվում են թերթիկներ, որոնք ունեն քվեաթերթիկի տեսք, բայց դրանք քվեաթերթիկի հետ բացարձակորեն կապ չունեն: Սա ևս մեկ ագիտացիայի ձև է, և շատ ցավալի է, որ բովանդակության մեջ օգտագործվում են պատերազմի ու քարոզչության նարատիվներ։
Իրավաբան Գիորգի Մոնիավան «Ալիք Մեդիա Վրաստան»-ի հետ զրույցում նախընտրական շրջանն այսպես գնահատեց` միակ դրական բանն այն է, որ անցած տարիների համեմատ` այս տարի ֆիզիկական հակամարտություններն ավելի քիչ են:
«Չնայած դրան, այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են` ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը, կաշառքը, ընտողների վրա ճնշում գործադրելը, անձնական տվյալների օգտագործումը, ինչպես նաև սպառնալիքը, նախընտրական շրջանում շատ սուր են արտահայտված: Այս ուղղությամբ ոչ մի դրական փոփոխություն չկա»,- ասաց իրավաբանը:
Հիշեցնենք. Վրաստանում ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 26-ին: Խորհրդարանական ընտրություններում պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով: Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն 5 տոկոսի շեմը հաղթահարած քաղաքական կուսակցությունների միջև։