Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է․ ինչ է թույլատրվում և ինչ է արգելվում

2024 թվականի հոկտեմբերի 26-ին նախագահի նշանակմամբ կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է։

Նախընտրական քարոզարշավն սկսվում է քվեարկության օրվանից 60 օր առաջ, որի ընթացքում ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններն ու թեկնածուներն օգտվում են հավասար իրավունքներից և ունեն հավասար պարտականություններ։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցությունը, թեկնածուն իրավունք ունեն նախապատրաստելու նախընտրական կոչեր, հայտարարություններ, գրություններ, թռուցիկներ, լուսանկարներ և այլն։ Արգելվում է դրանց բաշխման ու տարածման խոչընդոտումը։

Կուսակցությունը, թեկնածուն և նրանց համախոհներն իրավունք ունեն հանդես գալու հետագա գործունեության ծրագրով։ Նախընտրական ծրագիրը չպետք է պարունակի պատերազմի և բռնության քարոզչություն՝ կոչ անելով բռնությամբ փոխել կամ տապալել գործող պետական ​​և հասարակական կարգը, չպետք է վնասի Վրաստանի տարածքային ամբողջականությանը, չպետք է սերմանի ազգամիջյան թշնամություն, կրոնական և էթնիկ հակամարտություններ։

«Ընտրական օրենսգիրքը» սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց արգելվում է մասնակցել նախընտրական քարոզարշավին/ագիտացիային։ Օրենքի համաձայն՝ ցանկացած անձ իրավունք ունի նախընտրական քարոզչություն իրականացնելու և մասնակցելու քարոզարշավին, բացառությամբ հետևյալ անձանց՝

  • ընտրական հանձնաժողովի անդամ,
  • դատավոր,
  • դատախազության, ՆԳՆ-ի, ՊՆ-ի, արդարադատության նախարարության գլխավոր տեսչության, պետական ​​անվտանգության ծառայության, հետախուզական ծառայության, պետական ​​պահպանության հատուկ ծառայության հանրային ծառայողի, գլխավոր աուդիտորի, հանրային պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների, օտարերկրյա քաղաքացու կամ օտարերկրյա կազմակերպության, բարեգործական և կրոնական կազմակերպության, կարգավորող հանձնաժողովների անդամների։

Քաղաքացիական ծառայողներին, պետական ​​և մասնավոր հիմնարկների աշխատողներին, նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, մանկավարժներին աշխատանքային ժամերին կամ իրենց աշխատանքային լիազորություններն անմիջականորեն իրականացնելիս արգելվում է մասնակցել նախընտրական քարոզչությանը։

Արգելվում է նախընտրական քարոզչություն իրականացնել հետևյալ հիմնարկների շենքերում` գործադիր իշխանության հիմնարկներ, դատարաններ և զորամասեր։

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում համայնքային մարմինները պարտավոր են աջակցել քաղաքական կուսակցություններին/թեկնածուներին՝ հավաքներ և հանրային քննարկումներ կազմակերպելու և անցկացնելու հարցում։ Նրանք պետք է ապահովեն այդ հավաքների անվտանգությունը։

Պետք է հավասարապես ապահովվի բոլոր թեկնածուների մուտքը պետական ​​շենքեր և շինություններ։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում արգելվում է նախընտրական քարոզչությունը պետական ​​կամ քաղաքապետարանի բյուջեի ֆինանսավորմամբ կազմակերպվող միջոցառման ժամանակ։

Ընտրական հարցերով դասընթացավար Քեթևան Բալախաշվիլիի պարզաբանմամբ` քարոզարշավի ընթացքում արգելվում է նաև Վրաստանի քաղաքացիներին գումար, նվերներ և այլ նյութական արժեքավոր (անկախ դրանց արժեքից) նվերներ փոխանցել թեկնածուների և նրանց ներկայացուցիչների կողմից՝ անձամբ կամ որևէ մեկի միջոցով։

Բալախաշվիլին նշում է, որ այդ դեպքում բացառություն են համարվում կուսակցության լոգոտիպով շապիկները, գլխարկները և այլ նվազ արժեք ունեցող իրերը։

Նախընտրական քարոզչությանը մասնակցելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց արգելվում է վարչական ռեսուրսների օգտագործումը նախընտրական քարոզարշավի ընթացքում։