Վրաստանում նախագահական ընտրությունների ինչպես առաջին փուլից, այնպես էլ երկրորդ փուլից առաջ հիմնականում հայերով բնակեցված Սամցխե Ջավախեթիի կրքերը չեն հանդարտվում։
Նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 28-ին: Նախագահի պաշտոնի համար պայքարում են իշխող կուսակցության աջակցությունը վայելող անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» քաղաքական միավորման թեկնածու Գրիգոլ Վաշաձեն: Երկուսն էլ պայքարի տարբեր ճանապարհների են դիմում՝ սկսած միմյանց փնովելուց, վերջացրած ընտրողի սիրտը շահելու ամենատարբեր միջոցներով: Ընտրությունների առաջին փուլից հետո հատկապես լարված էր իրավիճակը Սամցխե Ջավախեթիում:
Ընտրությունների առաջին փուլից մի քանի օր անց Ախալքալաքիում տեղի ունեցած միջադեպը մեծ աղմուկ բարձրացրեց:
«Ուժը միասնության մեջ է» քաղաքական դաշինքը հոկտեմբերի 30-ին ահազանգել էր Ախալքալաքիում իրենց ակտիվիստներին ծեծի ենթարկելու մասին: Ընդդիմության պնդմամբ, ընտրական շտաբի վրա հարձակվել է Ախալքալաքիից և Նինոծմինդայից մեծամասնական կարգով ընտրված պատգամավոր Հենզել Մկոյանի և նրա եղբոր գլխավորած հանցավոր խումբը:
Դեպքին արձագանքել էին իշխող կուսակցության անդամները՝ տեղի ունեցածը ընդդիմադիրների սադրանք որակելով։ Դեպքից հետո Ախալքալաքի էին այցելել նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և կուսակցության անդամները՝ իրավիճակին ծանոթանալու և ակտիվիստներին տեսակցության: Ինչ վերաբերում է ծեծի ենթարկված ակտիվիստներին և հարձակվողներին, նրանց նկատմամբ քրեական գործ էր հարուցվել: Ախալքալաքիում միավորված ընդդիմության շտաբի վրա տեղի ունեցած հարձակման մեջ մեղադրվող 5 անձանց 3 հազար լարի գրավի դիմաց ազատ արձակեցին:
Տեղի ունեցածից մի քանի օր անց հարձակման հետևանքով հիվանդանոցում էր հայտնվել ընդդիմությանն աջակցող Ռեմիկ Պողոսյանը: Հարձակումից օրեր առաջ Պողոսյանն ընդդիմադիր «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը հարցազրույց էր տվել՝ կոռուպցիայի մեջ մեղադրելով իշխող կուսակցության մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանին: Գանգուղեղային վնասվածքներ ստացած Ռեմիկ Պողոսյանը հերքեց, որ իր վրա հարձակում են գործել, «Ռուսթավի 2» հեռուստաընկերության լրագրողի հետ զրույցում նշեց, որ չի հիշում, թե ինչ է կատարվել իր հետ:
Վերջին շաբաթվա ընթացքում նախագահի թեկնածուներից երկուսն էլ ակտիվորեն նախընտրական քարոզարշավ են վարում Ջավախքում։
Այսպես, նոյեմբերի 18-ին Ախալքալաքիում էին գտնվում մի քանի նախարար և խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները: «Վրացական երազանքն» այստեղ Սալոմե Զուրաբիշվիլիին աջակցող համերգ էր կազմակերպել: Կառավարության ու խորհրդարանի ներկայացուցիչները հավաքված բնակչությանը կոչ են արել ակտիվությամբ մասնակցել ընտրությունների երկրորդ փուլին: Նրանց խոսքով, հաջորդ տարվա ընթացքում Ախալքալաքիի և Նինոծմինդայի զարգացման համար ենթակառուցվածքային նախագծերի վրա կծախսվի 66 միլիոն լարի:
Նոյեմբերի 23-ին Ախալքալաքիում տեղի ունեցավ նաև «Միավորված ընդդիմության» հանդիպումը բնակչության հետ՝ այս դեպքում նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն նույնպես այցելել էր հանդիպմանը: Հայերենով բարևելուց հետո Վաշաձեն շնորհակալություն էր հայտնել հավաքվածներին ու նշել, որ «ի տարբերություն «Վրացական երազանքի»՝ վարչական ռեսուրս չի կիրառվել ու ներկա են միայն Վրաստանի հայրենասերները»:
Հավաքվածների հետ «սկայպով» զրուցել է նաև Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ու խոստացել, որ Վաշաձեի հաղթանակի դեպքում ինքը երկիր կվերադառնա ու կշարունակի դադարեցված նախագծերը:
«Ձեր ամուսիներն ու երիտասարդները պետք է ոչ մի տեղ չգնան աշխատանք փնտրելու, պետք է մնան իրենց երկրում աշխատելու»,- ասել է Սաակաշվիլին:
Նախագահական ընտրությունների առաջին փուլում Սամցխե Ջավախքում ձայների մեծամասնությունը ստացել էր Սալոմե Զուրաբիշվիլին: 6 ընտրատարածքներից Նինոծմինդան միակն է եղել, որտեղ ոչ մի ընտրատեղամասում ձայների մեծ մասը չէր հավաքել Գրիգոլ Վաշաձեն: Զուրաբիշվիլիին մեկ ընտրատեղամասում հաղթել է Դավիթ Բաքրաձեն: Ինչ վերաբերում է մունիցիպալիտետներին, այստեղ մի քանի ընտրատեղամասում հաղթանակ է տարել Վաշաձեն:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական տվյալների համաձայն, ձայների 38,64 տոկոսը հավաքել է Սալոմե Զուրաբիշվիլին, 37,74-ը՝ Գրիգոլ Վաշաձեն: