
Վրաստանի «Սոցիալական արդարության կենտրոն» (SJC) իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ՀԿ) դիմել է Թբիլիսիի քաղաքային դատարան՝ պաշտպանելու արդարադատության նախարարությունից աշխատանքից ազատված պետական ծառայողներ Նինո Տղկեշելաշվիլիի, Նաթիա Ալիաշվիլիի և Մորիս (Կոբա) Բարամիայի շահերը։
SJC-ն պահանջել է այլ կարծիքի հիման վրա խտրականության բացահայտում, բարոյական վնասի փոխհատուցում և զբաղեցրած պաշտոնում վերականգնում:
«Քաղաքացիական ծառայողները գործակալության հետ ստորագրել են վարչական պայմանագիր 2024 թվականի դեկտեմբերի 31-ին: Նույն օրը` ոչ աշխատանքային ժամերին, նրանք էլեկտրոնային գրառումների կառավարման համակարգում ծանուցում են ստացել այն մասին, որ գործակալությունը այլևս չի նախատեսում երկարաձգել իրենց հետ վարչական համաձայնագիրը, և որ 2025 թվականի հունվարի 31-ից նրանք կազատվեն իրենց պաշտոններից, և գործակալության թշնամանքին նրանք արժանացան այն բանից հետո, երբ բացահայտորեն հայտարարեցին իրենց դիրքորոշումը ԵՄ անդամակցության գործընթացի կասեցման վերաբերյալ», — գրել է իրավապաշտպան ՀԿ-ն:
Ըստ ՀԿ-ի՝ դեռևս այս գործընթացներից առաջ նրանք գերատեսչության ղեկավարներից պարբերաբար տարբեր հանձնարարություններ էին ստանում, որոնք դուրս էին իրենց պաշտոնական պարտականությունների շրջանակից և ենթադրում էին աջակցություն իշխող կուսակցությանը, այդ թվում՝ «Վրացական երազանք»-ի քաղաքական գործունեությանը մասնակցելու և սոցիալական ցանցերում նրանց քաղաքականությանը աջակցող գրառումներ հրապարակելու պահանջներ։ Նմանատիպ առաջադրանքներն էլ ավելի են ակտիվացել 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Այդ թվում՝ մասնակցել «Վրացական երազանք»-ի ծրագրած միջոցառմանը և հրավիրել այլ աշխատակիցների։
«Նինո Տկղեշելաշվիլին և Նաթիա Ալիաշվիլին բազմիցս դարձել են ոտնձգությունների զոհ։ Գերատեսչության ղեկավարը մի քանի անգամ կանչել է նրանց ու ակնարկել, որ այս գործընթացը վատ է ավարտվելու իրենց համար։ Նա նաև նշել է, որ իրենք ճանաչում են բոլորին, ովքեր մասնակցել են բողոքի ակցիաներին և հետևում են նրանց գործողություններին։ Նրա գնահատմամբ՝ խնդրագրի ստորագրումը «դավաճանություն է իշխանության դեմ» և բացասաբար կանդրադառնա նրանց կարիերայի վրա», — նշել է SJC-ն:
Ըստ SJC-ի՝ ճնշումներին մասնակցել է նաև Արդարադատության փոխնախարարը, որ պետական պաշտոնյաների ստորագրած միջնորդություններն անվանել է «առնետային գործողություններ» և հայտարարել, որ պետությունն օրենքով կպատասխանի»: