Այսօր կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի արագ տարածման պայմաններում «կանաչ անձնագրի» գոյությունը կորցրել է իր իմաստը։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ չնայած պատվաստումներին, մարդիկ վարակվում են։ Վարչապետը որպես օրինակ իրեն է բերել, որ չնայած պատվաստված լինելուն, նախորդ շաբաթ վարակվել է «օմիկրոնով»։
«Պատվաստանյութն «օմիկրոնի» պարագայում շատ անգամ չի օգնում, դա է պատճառը, որ մենք որոշեցինք վերացնել «կանաչ անձնագրի» պարտավորությունը», — ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան շատ չանցած պարզաբանել է կառավարության ղեկավարի քննարկումների առիթ դարձած հայտարարությունը՝ նշելով, որ վարչապետի հայտարարությունն այն մասին էր, որ «կանաչ անձնագրի» կիրառումը «օմիկրոնի» պայմաններում գործնականում կորցնում է իր իմաստը։
Ինչպես Գաբունիան է ասել, «օմիկրոնի» պայմաններում կորոնավիրուսից բուժվածի կարգավիճակը և պատվաստումը այլևս երաշխիք չեն, որ քաղաքացին չի վարակվի «օմիկրոնով»։
«Ինչ վերաբերում է պատվաստանյութի արդյունավետությանը, ապա պատվաստանյութը համեմատաբար քիչ է պաշտպանում «օմիկրոնի» փոխանցումից։ Դրա ապացույցները կան, թեև պատվաստումը նվազեցնում է հոսպիտալացման և մահվան հավանականությունը: Այսպիսով, երկիրը, կառավարությունը և բոլոր շահագրգիռ կողմերը ակտիվորեն իրականացնում են պատվաստումների քարոզարշավը», — ասել է Գաբունիան՝ հավելելով, որ կառավարության հիմնական նպատակն է պատշաճ պատվաստումների միջոցով նվազեցնել հոսպիտալացումն ու մահացությունը։
Նշենք, որ բժշկական ոլորտի ներկայացուցիչները քաղաքացիներին հորդորում են ստանալ կորոնավիրուսի դեմ երրորդ չափաբաժինը, քանի որ խթանիչ (Booster) չափաբաժինը բարձր պաշտպանվածությունն է ապահովում նաև նոր ենթաշտամի դեպքում։ Ըստ նրանց՝ Booster չափաբաժինը պետք է արվի երկրորդ պատվաստումից երեք ամիս անց։