Նախարարը հերքում է բանտարկյալների զանգվածային հացադուլի մասին լուրը

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ֆեյսբուքի իր պաշտոնական էջում անդրադարձել է մի խումբ բանտարկյալների՝ համաներման օրինագծի հոդվածներն ընդլայնելու հարցով հացադուլին։

«Քաղցած բանտարկյալների թվի մասին տարածված տեղեկատվությունն ուղղված է հանրությանը մոլորեցնելուն։ Ընդդիմությանն ու նրա լրատվամիջոցներին պետք չէ հիշեցնել, որ մարդու առողջությունն ու կյանքը շահարկման առիթ է դառնում միայն պատվից զուրկ չարագործների մոտ։ Հակառակորդի սադրիչ և անմարդկային մեթոդները մեզ համար նորություն չեն։ Նրանք մոռանում են, որ իրենց գործողություններով հերթական անգամ ի ցույց են դնում բոլշևիկյան միացյալ շարժման (նկատի ունի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությանը) վերաբերմունքը բանտարկյալների և ընդհանրապես մարդու իրավունքների նկատմամբ» ,- հայտարարել է նախարարը։

Նախարարը նաև ավելացրել է, որ Վրաստանի գործող իշխանության համար մարդը բարձրագույն արժեք է, երկրում թույլ չի տրվի մարդու իրավունքների ոտնահարում։

Հիշեցնենք՝ որոշ լրատվամիջոցներ գրել են, որ մի քանի տասնյակ բանտարկյալներ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով ընդլայնել «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնած համաներման օրինագծի հոդվածները։

Նշվում է, որ Քութայիսիի 2-րդ քրեակատարողական հիմնարկում շուրջ 20 բանտարկյալ մի քանի օր է հացադուլի մեջ է։