Նախագիծ՝ Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների իրազեկվածությունը բարձրացնելու համար

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը իրականացնում է միջազգային նախագիծ՝ միտված Հայաստանում և Վրաստանում ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության բարելավմանը: Հաղորդում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Հայտնի է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը 2020թ․ տարեվերջին  դարձել է միջազգային՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» նախագծի համակարգող։  Նախագծի նպատակն է խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։

Առցանց ձևաչափով կայացել է նախագծի մեկնարկային հանդիպումը:

Հանդիպման բացումը կատարել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը, որը հակիրճ ներկայացրել է նախագիծը: Իր հերթին, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ողջունելով մասնակիցներին, ընդգծել է, որ ՀՊՏՀ գործընկերները սույն նախագծի շրջանակներում բավականին հեղինակավոր բուհեր և ինստիտուտներ են, մասնավորապես Մասարիկի համալսարանը (Չեխիա), Սիլեզիայի տեխնոլոգիական համալսարանը (Լեհաստան), «ՔԵՆԴԼ» Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտը, Իվանե Ջավախիշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարանը (Վրաստան) և Կոշիցեի տեխնիկական համալսարանը (Սլովակիա):

«Կարծում եմ, որ նախագիծը կարևորություն ունի Հայաստանի համար նաև այն պատճառով, որ նպատակ ունի խթանել ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթը` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա։ Սա հատկապես կարևորում եմ հետպատերազմյան ժամանակաշրջանում, քանի որ նախագծի շրջանակում հնարավոր է լինելու բարձրացնել հայկական ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ տեխնոլոգիական ծրագրեր իրականացնելու գործում, ընդլայնել և ամրապնդել համապատասխան աշխատակիցների գիտելիքներն ու կարողությունները տեխնոլոգիաների փոխանցման գործում և այլն»,- նշել է Դիանա Գալոյանը՝ ծրագրին մաղթելով բարի երթ։

Հավելենք, որ նախագծի նպատակն է բարձրացնել Հայաստանի և Վրաստանի ՓՄՁ-ների, գիտահետազոտական ինստիտուտների իրազեկվածությունը համատեղ գիտահետազոտական գործունեության առավելությունների վերաբերյալ, ընդլայնել և ամրապնդել գիտելիքի և տեխնոլոգիայի փոխադրման համար պատասխանատու աշխատակազմի գիտելիքներն ու կարողությունները Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում, մշակել ՓՄՁ-ների և գիտահետազոտական ենթակառուցվածքների միջև համագործակցության հայեցակարգ Արևելյան գործընկերության թիրախավորած երկրներում: