Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվա մասին հրամանագիրը։ Փաստաթուղթն ուղիղ եթերում նա ստորագրել է լրատվամիջոցների ներկայությամբ։
Նախագահն ընդգծել է` Վրաստանը պետք է պատրաստվի մի ընտրության, որը համարժեք է լինելու հանրաքվեի՝ Եվրոպա, թե Ռուսաստան։
«Մեզ է մոտեցել որոշման օրը, փրկության օրը։ Այսօր մենք գործ չունենք սովորական ընտրությունների հետ… Այսօրվա մեր ընտրությունը էկզիստենցիալ է: Այս ընտրությունը կորոշի երկրի երկար տարիների ճակատագիրը, և, հետևաբար` որպես նախագահ, ես իմ խոսքն եմ ասում։ Մեզ ուզում են համոզել, որ այս ընտրութկունը կլինի պատերազմի և խաղաղության միջև. դա սուտ է, քանի որ պատերազմի վտանգը հնարավոր չէ կանխել ընտրություններով… Այսօր Վրաստանում ոչ ոք պատերազմ չի ուզում և ոչ ոք չի պատրաստվում (պատերազմի — հեղ.)։
Մեկուսացումը, ներքին անհամաձայնությունները, առաջնահերթությունների ու նպատակների լղոզումն ու շփոթմունքն են մեծացնում թշնամու ախորժակը, այսինքն՝ պատերազմի վտանգը»,- ասել է նախագահը։
Նշենք, որ խորհրդարանական այս ընտրությունների օրը սահմանադրությամբ որոշված էր, սակայն անհրաժեշտ էր, որ վավերացվի նախագահի հրամանագրով։
Եվ այսպես, խորհրդարանական ընտրությունները Վրաստանում տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին՝ 5 տոկոսանոց շեմով։ Շեմի հաղթահարման խնդրին չբախվելու համար որոշ կուսակցություններ որոշեցին ընտրություններին մասնակցել միասնական ցուցակով։