Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հյուրընկալել է Վրաստանում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Ռոբին Դաննիգանին: Դաննիգանն իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նախագահին:
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունը կայացել է նախագահական նստավայրում, որից հետո նախագահը դեմ առ դեմ հանդիպում է ունեցել դեսպանի հետ։
Դաննիգանը շնորհակալություն է հայտնել նախագահին ընդունելության համար և նշել, որ իր համար պատիվ է ներկայացնել ԱՄՆ–ի նախագահ Ջո Բայդենին և ակնկալում է սերտ համագործակցություն Վրաստանի նախագահի հետ, հատկապես, երբ երկիրը ձգտում է եվրաատլանտյան ինտեգրման։
«Նախագահ Բայդենը ջերմ ողջույն է հղել Վրաստանի նախագահին և մաղթել նրան ու վրաց ժողովրդին բարգավաճում»,- նշել է Դաննիգանը։
Դաննիգանը Վրաստան է ժամանել հոկտեմբերի 12-ին։ Վրաստանում ԱՄՆ–ի նոր դեսպանը հանդիպել է նաև արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին և նրան հանձնել իր հավատարմագրերի պատճենը։
ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Դաննիգանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Վրաստանը միասին են, ինչի համար ԱՄՆ-ն երախտապարտ է: Դուննիգանի խոսքով, ինքը անհամբերությամբ է սպասում Վրաստանի ժողովրդի և իշխանությունների հետ համագործակցությանը։ Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ պաշտպանում է Վրաստանի կառավարության և ժողովրդի ցանկությունը՝ ինտեգրվել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին։