
Նախագահի թեկնածու Դավիթ Ուսուփաշվիլին հանդիպել է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտի (GIPA) ուսանողների հետ: Ինչպես հայտնում են GIPA-ից, ուսումնական կենտրոնում մեկնարկել է Վրաստանի նախագահի թեկնածուների հետ հանդիպումների շարքը, որը բացել է Դավիթ Ուսուփաշվիլին:
Ուսուփաշվիլին ուսանողների հետ հանդիպման ընթացքում խոսել է քաղաքականության մեջ իր գործունեության ու նախընտրական ծրագրի մասին՝ ընդգծելով նախագահի լիազորությունները, սահմանադրական իրավասությունները և նախագահի ինստիտուտի կարևորությունը:
«Նախագահը խորհրդարանական մոդելում նշանակում է իշխանության ուժ, այլ ոչ թե ուժի իշխանություն: Այս երկու մոդելների միջև շատ մեծ տարբերություն կա: Մեր նախագահը, ըստ Վրաստանի Սահմանադրության՝ լիակատար իշխանության, հրապարակայնության, հասարակական գործերի մարդ է», — ասել է Ուսուփաշվիլին: