Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն պատասխանել է նախագահ Զուրաբիշվիլիի կողմից Սահմանադրական դատարան ներկայացրած «գործակալների օրենքին» առնչվող հայցին։ Նրա գնահատմամբ՝ հայցն անհեռանկարային է.
«Կարծում եմ, որ այս դատը հեռանկար չի ունենա։ Անհնար է պնդել, որ թափանցիկությունը վատ է, իրավաբանորեն սխալ է: Այս հայցի դրական կողմն այն է, որ Սալոմե Զուրաբիշվիլին սխալ է թույլ տվել՝ ճանաչելով Սահմանադրական դատարանի օրինակարգությունը, իրե՛ն սահմանադրություն խախտող հռչակած դատարանի օրինակարգությունը։ Սրանով նա խոստովանել է, որ երկիրն ունի սահմանադրություն խախտող նախագահ։
Ինչ վերաբերում է հայցին, ապա ևս մեկ անգամ կասեմ, որ թափանցիկության դեմ ներկայացված հայցը որևէ հեռանկար չի ունենալու ոչ իրավական, ոչ այլ տեսանկյունից»,- ասել է վարչապետը Խաշուրիում Արդարադատության տան բացման միջոցառումից հետո։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը գրանցել է Վրաստանի նախագահի հայցը, որով Զուրաբիշվիլին պահանջում է չեղյալ համարել «գործակալների մասին» օրենքը։
Նախագահը երբեք չի դիմել Սահմանադրական դատարան. այս հայցը նախադեպային է։ Հատկանշական է նաև, որ «գործակալների մասին» օրենքի դեմ հայցով Սահմանադրական դատարան են դիմել նաեւ հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները։