Որոշ վրաց վերլուծաբանների գնահատմամբ՝ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իշխող «Վրացական երազանք» կուսակցության սկսած պաշոնանկության գործընթացն ուղղված է մի նպատակի՝ վիժեցնել Վրաստանի եվրոպական ընտանիքին միանալու գործընթացը:
Վերլուծաբանների մի մասի կարծիքով էլ՝ նախագահ Զուրաբիշվիլին հասարակության շրջանում վաղուց է կորցրել վստահությունը, և որպես դրա ապացույց մատնանշում են ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ներում շնորհելը:
Վրաց-եվրոպական ինստիտուտի (EGI) ղեկավար, քաղաքագետ Գիորգի Մելաշվիլիի խոսքով, Զուրաբիշվիլին միակ բարձրաստիճան քաղաքական պաշտոնյան է, որ կարող է գնալ եվրոպական մայրաքաղաքներ, խոսել և առաջ տանել Վրաստանի եվրոպական ապագայի գաղափարը: Ըստ նրա՝ այս ամենի ֆոնին իշխանության դիմադրությունը գնահատելու միակ միջոցը եվրաինտեգրման գործընթացի ուղղակի սաբոտաժն է, որը, ցավոք, առաջին անգամը չէ։
«Սալոմե Զուրաբիշվիլիի նկատմամբ շանտաժի իր բոլոր լծակները «Վրացական երազանքը» սպառեց։ Մենք դա շատ լավ տեսանք Նիկա Գվարամիային ներում շնորհելու ժամանակ, և շատ լավ տեսնում ենք, որ նրանց մնում է պաշտոնանկության հարցը, որի համար «Վրացական երազանքը» պարզապես բավարար ձայներ չունի»,- նշեց Մելաշվիլին և հավելեց՝ իշխանությունը կշարունակի ահաբեկել:
Մելաշվիլիի գնահատմամբ՝ այն, որ «Վրացական երազանքն» ամեն կերպ փորձում է բարդացնել Վրաստանի եվրոպական ապագայի համար պայքարող մարդկանց կյանքը, շատ պարզորոշ ցույց է տալիս, թե որն է նրանց իրական արտաքին քաղաքական խնդիրը. այդ խնդիրը Վրաստանի ազգային շահերի հետ կապ չունի:
Վերլուծաբան Զաալ Անջափարիձեն էլ կարծում է, որ իշխող թիմի ձեռնարկած նախագահի պաշտոնանկության գործընթացը հստակ ազդակ է ինչպես տեղական, այնպես էլ արտաքին լսարանի համար։ Ըստ նրա՝ Զուրաբիշվիլին կորցրել է իր ընտրողների մեծամասնության վստահությունը.
«Հարց է առաջանում՝ ի՞նչ կարգավիճակով էր Սալոմե Զուրաբիշվիլին մեկնում Եվրոպա, երբ կառավարությունը մերժեց բոլոր տասը այցերը: Ինչ-որ մեկը տեղեկացրեց տանտերերին, որ նախագահն այցելում է իրենց՝ խախտելով սեփական երկրի սահմանադրությունը։ Եվրոպայում մեր օրենքն ու սահմանադրությունը երևի հարգում են»:
Ի դեպ, Վրաստանի խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչն այսօր՝ սեպտեմբերի 12-ին, միջնորդություն է ներկայացրել Սահմանադրական դատարան (ՍԴ)` նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցով։
Սեպտեմբերի 11-ին հայտնի դարձավ, որ խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների իսկությունը, ինչը անհրաժեշտ նախադրյալ է եղել փաստաթուղթը դատարան ուղարկելու համար։ Զուրաբիշվիլիի դեմ Սահմանադրական դատարան ներկայացված դիմումը ստորագրել է խորհրդարանական մեծամասնության 80 պատգամավոր։
«Վրացական երազանքը» սկսել է նախագահի պաշտոնանկության ընթացակարգը, քանի որ, ըստ իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի, Զուրաբիշվիլին «կոպտորեն խախտել է» Վրաստանի սահմանադրությունը և առանց կառավարության համաձայնության մի շարք այցեր է կատարել արտասահմանյան երկրներ։
Սահմանադրական դատարան ներկայացնելու համար անհրաժեշտ է առնվազն 50 պատգամավորի համաձայնությունը։ Սահմանադրական դատարանը մեկամսյա ժամկետում պետք է իր եզրակացությունը ներկայացնի խորհրդարան, իսկ դրանից հետո խորհրդարանը պետք է քաղաքական վճիռ կայացնի ու որոշի քվեարկության դնել նախագահի պաշտոնանկության հարցը։
Այս գործընթացին զուգահեռ, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շարունակում է հանդիպումները եվրոպական մայրաքաղաքներում։
Նախագահի պաշտոնանկության համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի համաձայնությունը: Վրաստանի 150 հոգանոց խորհրդարանն այսօրվա դրությամբ ունի 140 ակտիվ պատգամավոր։ Խորհրդարանական մեծամասնության կազմում ընդգրկված է ավելի քան 80 պատգամավոր, իսկ խորհրդարանական ընդդիմության կազմում՝ 56։
Նախագահի պաշտոնանկության գործընթաց սկսելու մասին իշխող թիմը հայտարարել էր սեպտեբերի 1-ին: