Վրաստանի խորհրդարանը վաղվանից՝ հոկտեմբերի 18-ից, նախատեսում է քննարկել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության հարցը։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լիագումար նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ըստ նրա՝ նախագահի պաշտոնանկության հարցի քննարկումը նախատեսված էր չորեքշաբթի և հինգշաբթի օրերին, սակայն ընդդիմադիր պատգամավորների հարցերի պարզաբանումից հետո խորհրդարանի նախագահը հաստատել է, որ այդ հարցի քննարկումը կսկսվի հոկտեմբերի 18-ին, ժամը 12:00-ին:
Զուրաբիշվիլին հաստատել է պաշտոնանկության հարցի քննարկմանը մասնակցելու իր պատրաստակամությունը։ Նա ընդդիմությանը խորհուրդ է տվել «դեմ կանգնել հակաեվրոպական պաշտոնանկությանը»:
Ի դեպ, հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հրապարակել է նախագահի դեմ ներկայացված հայցադիմումի որոշումը։ Սահմանադրական դատարանը համարել է, որ Զուրաբիշվիլին խախտել է երկրի սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության մեկնելով ԵՄ երկրներ։ Եզրակացությունը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման կամ վերանայման։
Խորհրդարանում նախագահին վերջնական պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի աջակցություն։ «Վրացական երազանքն» ու նրա դաշնակիցներն այս փուլում խորհրդարանում 100 մանդատ չունեն։