Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ներկայացուցիչը հրավիրված է առաջիկա ընտրությունների համար ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նիստին՝ բացատրություններ տալու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին լրագրողներին ասել է արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։
«Մենք պայմանավորվել ենք, որ հերթական անգամ նամակ կուղարկենք Վրաստանի նախագահի վարչակազմին և կոչ կանենք նախագահի ներկայացուցչին հանձնաժողովի հաջորդ նիստին ներկայանալ, պարզաբանումներ անել նախագահի այն հայտարարության վերաբերյալ, որի համաձայն՝ նրանք պետք է ընտրությունների օրը միասին տոնեն հաղթանակը նախագահի աշխատակազմում։ Այս հայտարարությունը կարող է պարունակել ընտրական օրենսդրության խախտում»,- ասել է Արդարադատության նախարարը։
Նշենք, որ նախագահի ներկայացուցիչը հրավիրված է պարզաբանելու Սալոմե Զուրաբիշվիլիի՝ հոկտեմբերի 7-ին արած հայտարարությունը։
«Ընտրությունների օրը նախագահի նստավայրում կստեղծվի համակարգող հարթակ, որպեսզի մենք կարողանանք վերահսկել այն ամենը, ինչ տեղի կունենա այդ օրը, ապա միասին կտոնենք հաղթանակը»,- հոկտեմբերի 7-ին ասել է նախագահը։