«Վրացական երազանք» իշխող կուսակցությունն առաջին անհաջող փորձից հետո վերստին մտադիր է սկսել իմպիչմենթի ընթացակարգ՝ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի արտասահման չարտոնված այցերի համար։
Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից երեք շաբաթ առաջ «Վրացական երազանքը» սկսում է իմպիչմենթի գործընթացը, հոկտեմբերի 26-ին, ի դեպ, կլինի գործող խորհրդարանի ավարտը։ Մինչ այդ իշխող կուսակցությունը կդիմի Սահմանադրական դատարան։
Իմպիչմենթի արդեն երկրորդ նախաձեռնության վերաբերյալ իշխող կուսակցության հայտարարությունից հետո՝ հոկտեմբերի 7-ի երեկոյան, նախագահը ճեպազրույց է անցկացրել, սակայն այս թեմային չի արձագանքել։ Սալոմե Զուրաբիշվիլին ԿԸՀ-ին կոչ է արել որակյալ, արդար ու ազատ ընտրություններ անցկացնել, իսկ Վրաստանի քաղաքացիներին՝ ակտիվորեն մասնակցել ընտրությունների՝ պաշտպանելով սեփական ձայները։
Ո՞րն է «Վրացական երազանքի» նպատակը։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտո՞ւմ է, թե՞ պաշտպանում Սահմանադրությունը։
Քաղաքագետ Գիորգի Մելաշվիլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ նախագահի իմպիչմենթն ուղիղ կապ ունի նախընտրական շրջանի հետ։
«Սալոմե Զուրաբիշվիլին «Վրացական երազանքի» համար ունի սկզբունքային իրավաքաղաքական կշիռ։ Իվանիշվիլիի կուսակցությունը պատրաստ է հասնել նպատակին, եթե նույնիսկ նախագահի պաշտոնավարման ժամկետը կրճատվի առավելագույնը մեկ ամսով։
«Վրացական երազանքը» նախատեսում է՝ հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններից առաջ դիմել Սահմանադրական դատարան՝ հաստատելու նախագահի կողմից Սահմանադրության խախտումը, այնուհետև նոր գումարման խորհրդարանի առաջին իսկ նիստերին Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնանկ անել», — նշում է Մելաշվիլին։
Ըստ «Վրացական քաղաքականության ինստիտուտ» (GIP) հասարակական կազմակերպության քաղաքական փորձագետ Նինո Սամխարաձեի, երբ «Վրացական երազանքի» բոլոր խոստումները, որոնք բացատրում էին սահմանադրական մեծամասնության անհրաժեշտությունը, բախվեցին մեծ դժվարության, իշխող կուսակցությունը որոշեց կրկին բարձրացնել նախագահի իմփիչմենթի հարցը, որպեսզի սահմանադրական մեծամասնությունը իրական գործառույթ գտնի։
«Մյուս գործառույթները, որոնք սահմանադրական մեծամասնությունը կարող էր ունենալ իշխող կուսակցության հայտարարած ծրագրի համաձայն, մինչ այժմ կամ անիրատեսական են թվում, օրինակ՝ տարածքային ամբողջականության վերականգման մասով, կամ ժողովրդավարությունից առավելագույնս հեռու, օրինակ՝ արգելել ընդդիմության գործունեությունը», — Netgazeti.ge-ի հետ զրույցում նշե է նա։
Սամխարաձեի խոսքով իշխող ուժը թեև հանրությանը փորձում է համոզել, թե ընդդիմադիր կուսակցությունների գործունեության արգելափակումը ժողովրդավարական գործընթացի մաս է, սակայն ժողովրդավարական գործընթացի պահանջն այնքան մեծ է հասարակության շրջանում, այդ թվում՝ չեզոք հատվածում, որ ծրագրվածը չստացվեց։
Նինո Սամխարաձեն նշում է, որ այս փուլում նախագահը շատ կարևոր դեր է խաղում հասարակությանը մոբիլիզացնելու համար․
«Նախագահը կապող դեր ունի ինչպես կուսակցությունների, այնպես էլ եվրոպամետ ընտրողների համար, հետևաբար անընդհատ հիշեցնելով հանրությանը, որ նախագահը պաշտոնապես խախտում է Սահմանադրությունը, այս պահին կարևոր է «Վրացական երազանքի» համար։ Հաշվի առնելով նաև, որ այս «հակասահմանադրական գործընթացին» (խոսքը երկկողմ հանդիպումներին մասին է) մասնակցում են Արևմուտքի դերակատարները, կարող ենք եզրակացնել, որ դա կարող է լինել «Վրացական երազանքի» կողմից արևմտյան գործընկերներին «սատանայացնելու» մեխանիզմներից մեկը, ինչը, ընդհանուր առմամբ, «Վրացական երազանքի» բնորոշ միտումն է», — նշել է Նինո Սամխարաձեն։
Հիշեցնենք, որ խորհրդարանական մեծամասնության 80 պատգամավորների անունից առաջին անգամ Սահմանադրական դատարան նախագահի իմպիչմենտի մասին դիմումը ներկայացվել է 2023 թվականի սեպտեմբերի 14-ին։ Իշխող կուսակցությունը հայտարարել էր՝ որ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության մեկնելով ԵՄ երեք երկրներ։ Արդյունքում՝ իմպիչմենտի ընթացակարգը ձախողվեց և «Վրացական երազանքի»-ն չհաջողվեց Սալոմե Զուրաբիշվիլիին պաշտոնանկ անել։