Փարիզի խաղաղության ֆորումում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոսել են Վրաստանի եվրաինտեգրման, ռուսական օկուպացիայի և տարածաշրջանում առկա գործընթացների մասին։
Ղարիբաշվիլին մասնակցել է «Խաղաղության ապահովումը և անվտանգ աշխարհի կառուցումը Կովկասի օրինակով» պանելային քննարկմանը, իսկ Զուրաբիշվիլին ելույթ է ունեցել «Մուլտիճգնաժամից մինչև մուլտիհակամարտություն. ինչպես կանգնեցնենք արատավոր շրջանը» խորագրով պանելային քննարկմանը:
Ըստ վարչապետի՝ Վրաստանի շահը «տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունն է»։ Նրա խոսքով, ռուսական օկուպացիան գլխավոր մարտահրավերն է, իսկ վերջին 10 տարին այն «միակ ժամանակաշրջանն է», երբ Վրաստանում «պատերազմ չկա և տարածքներ չենք կորցնում»։
«Օկուպացիայի մարտահրավերը չի վերացել, բայց մենք ընտրել ենք ռազմավարական համբերության հեռանկար։ Կան հարցեր, որոնք չես կարող անմիջապես լուծել։ Անհրաժեշտ է համբերություն, երկարաժամկետ ռազմավարություն և գործողությունների ծրագիր»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նա խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին և հավելել, որ Վրաստանը «անաչառ, օբյեկտիվ միջնորդ» է Հայաստանի և Ադրբեջանի միջև. «Վրաստանը բարեկամական ռազմավարական գործընկերություն ունի Ադրբեջանի հետ։ Վրաստանը ռազմավարական գործընկերություն և բարեկամություն ունի իր եղբայրական Հայաստանի հետ»:
Ղարիբաշվիլին Եվրահանձնաժողովի հանձնարարականը՝ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ, պատմական ձեռքբերում է անվանել:
Զուրաբիշվիլին Վրաստանի եվրաինտեգրման համատեքստում ուշադրություն է հրավիրել անվտանգության խնդրի վրա։ Խոսելով այս հարցի շուրջ՝ նախագահը նշել է ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Վրաստանի քաղաքացի Թամազ Գինտուրիի սպանությունը, ինչպես նաև օկուպացված Օչամչիրե քաղաքում ռուսական նավատորմի համար մշտական բազա բացելու ծրագրերը։
Փարիզի խաղաղության ֆորումն այս տարի անցկացվում է վեցերորդ անգամ։