Վրաստանի նախագահի աշխատակազմը «Ալտ-Ինֆո» լրատվական գործակալության ներկայացուցիչներին թույլ չի տվել ներկա գտնվել ճեպազրույցին: Նկարահանող խումբը չի կարողացել մտնել վարչական շենք՝ լուսաբանման համար։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երեկ՝ ապրիլի 11-ին, ժամը 18:00-ին Օրբելիանիի պալատում ճեպազրույց է անցկացրել Եվրահանձնաժողովի տրամադրած հարցաշարի վերաբերյալ։
«Ալտ-Ինֆո»-ի երեկվա հաղորդման մեջ լրատվամիջոցի ներկայացուցիչն ասել է․
«Ես ուզում եմ խոսել մամուլի կենտրոնի հետ՝ բացարձակապես բոլոր լրագրողներին ներս են թողել, բացի մեզնից, սա արդեն երկրորդ անգամն է, որ ինձ թույլ չեն տալիս ներս մտնել»։
Նախագահի աշխատակազմից հաստատել են, որ «Ալտ-Ինֆո» հարթակին հավատարմագրում չի տրվել։
Նշենք, որ վերջերս «Ալտ-ինֆոյի» ներկայացուցիչները ստեղծել են «Պահպանողական շարժում» քաղաքական կուսակցությունը, որը համարվում է ռուսամետ։