Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով, ցավոք, վերջին մեկուկես տարվա ընթացքում Վրաստանը ոչ միշտ է արել այն քայլերը, որոնք սպասվում էին Եվրամիությունում.
«Այնպիսի հայտարարություններ են երբեմն արվում Եվրախորհրդարանի, ընդհանրապես Եվրոպայի մասին, ինչն անհասկանալի է»։
Այս համատեքստում Զուրաբիշվիլին նշել է «Շառլ Միշելի համաձայնագրի» չեղարկումը, ԵՄ վարկից հրաժարվելը և այլ «անհասկանալի քայլեր»։
Ըստ նախագահի՝ ինքը իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից արվող հայտարարություններում շատ հաճախ տրամաբանություն չի տեսնում։
Զուրաբիշվիլիի խոսքով, եվրաինտեգրման ուղղությամբ անհրաժեշտ է հատուկ PR մշակել և ժամանակին արձագանքել արևմտյան մամուլում հրապարակված բացասական հոդվածներին։
Ըստ Զուրաբիշվիլիի, Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալու վերաբերյալ Եվրախորհրդի որոշումը, սակայն, հիմնված կլինի ավելի շատ աշխարհաքաղաքական գործոնների վրա։
«Կարծում եմ, որ չնայած մեր բազմաթիվ բանավոր կամ գործնական սխալներին, ԵՄ որոշումը կլինի ավելի բարձր մակարդակի և հեռատես»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նախագահը չի կիսում «Վրացական երազանքի» տեսակետը, թե եվրաինտեգրման գլխավոր խոչընդոտը ընդդիմությունն է, սակայն նկատում է՝ ընդդիմությունն օգտվում է Բրյուսելում կառավարության թույլ տված սխալներից՝ չգիտակցելով, որ դա վնաս կհասցնի ոչ միայն կառավարությանը, այլև երկրին: