Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին բավարարել է արտահերթ նիստ գումարելու խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի դիմումը: Պապուաշվիլին այս խնդրով Զուրաբիշվիլիին դիմել էր հուլիսի 15-ին:
Հուլիսի 18-ի ժամը 12:00-ից կսկսվի խորհրդարանի արտահերթ նստաշրջանը, որը կտևի երկու օր։ Պապուաշվիլիի խոսքով, արտահերթ նիստը կանցկացվի հուլիսի 18-19-ը։
Զուրաբիշվիլին խորհրդարանին կոչ է արել արտահերթի օրակարգում ընդգրկված հավանական հարցերի հետ միասին քննարկել և քվեարկել 2024 թվականի մայիսի 24-ին իր կողմից խորհրդարան ներկայացված Ազգային բանկի խորհրդի անդամի թեկնածուին: Նախագահը Ազգային բանկի խորհրդի անդամ ընտրվելու համար խորհրդարանին է ներկայացրել Էկատերինե Ղազաձեի թեկնածությունը:
Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանի արտահերթ նստաշրջանն անցկացվում է միայն նախաձեռնողի սահմանած օրակարգով և ավարտվելուն պես փակվում է։
Խորհրդարանն արտահերթ նիստում պատրաստվում է քննարկում անցկացնել դատախազության խորհրդի ընտրած Գլխավոր դատախազության թեկնածու Գիորգի Գաբիտաշվիլիի ընտրության շուրջ։ Սպասվում է նաև, որ քվեարկության կդրվի իշխող «Վրացական երազանք» խմբակցության նախաձեռնած «Համաներման մասին» օրենքը: Պապուաշվիլին ավելի վաղ ասել էր, որ «Համաներման մասին» օրենքն առաջին ընթերցմամբ կընդունվի արտահերթ նստաշրջանում (հուլիսի 18-19-ը), իսկ երկրորդ և երրորդ ընթերցմամբ կքվեարկվի աշնանային նստաշրջանում։
Հիշեցնենք, որ Վրաստանի 10-րդ գումարման խորհրդարանում գարնանային վերջին նստաշրջանն անցկացվել է հունիսի 28-ին։ Աշնանային նստաշրջանը կսկսվի սեպտեմբերի 3-ին։