Նախագահը վարչապետի թեկնածու ունի

Վրաստանում կոալիցիոն կառավարություն ձևավորելու դեպքում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արդեն ունի վարչապետի իր թեկնածուն։ Այդ մասին նախագահը հայտարարել է ընդդիմադիր «TV Պիրվելի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Նախագահն ասել է՝ վարչապետի իր թեկնածուն քաղաքական անցյալ չունի:

««Վրացական խարտիա»-ի մեջ գրված է, որ վարչապետը պետք է ընտրվի նախագահի հետ խորհրդակցության արդյունքում, ես արդեն թեկնածու ունեմ, հիմա չեմ ասի, քանի որ նախ պետք է կողմերի հետ խորհրդակցենք և համաձայնության գանք», — ասել է նախագահը:

Նախագահի խոսքով, երկուշաբթի օրը խորհրդակցություններ կսկսի ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների հետ՝ նախարարների թեկնածուների վերաբերյալ։

Նշենք, որ Զուրաբիշվիլին մայիսի 26-ին նախաձեռնել և ներկայացրել էր «Վրացական խարտիա»-ն: Այն նախատեսում է բարեփոխումներ ավելի քան տասը ոլորտներում։ Ստորագրող կուսակցությունները պատասխանատվություն են կրում, որ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի դեպքում կկատարեն դրա պայմանները։