Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ստորագրել է պետական տեսուչի ծառայությունը լուծարելու մասին օրենքը։ Երկրի ղեկավարն իր հրապարակած հայտարարության մեջ նշում է, որ պետական տեսուչի ծառայության փոխարեն պիտի ստեղծվեն նոր կառույցներ, որոնք թույլ կտան նաև այս ծառայության աշխատակիցներին գործել անկախ ձևով։
«Այսօր ես ստորագրեցի «Պետական տեսուչի ծառայության մասին» օրենքում փոփոխությունները, որոնք նախատեսում են ծառայությունը վերացնել և դրա փոխարեն նոր կառույցներ ստեղծել։ Նման կառուցվածքային փոփոխությունների վերաբերյալ եղել են և կան տարբեր տեսակետներ, թեև այս որոշումն ինքնին չի պարունակում կատեգորիկ իրավական առարկություն։
Օրենսդրական փոփոխությունները ստեղծել են անարդար իրավիճակ, ես այս տեսակետը կիսում եմ։ Հուսով եմ, որ լուծում կգտնվի, որպեսզի նորաստեղծ ծառայություններից մեկում պետական տեսուչի ծառայությունը կարողանա շարունակել իր գործունեությունը՝ անկախության բոլոր երաշխիքներով»,- ասվում է նախագահի հայտարարության մեջ։