Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ամբողջությամբ դուրս է եկել սահմանադրական շրջանակից, և նախապես հնարավոր չէ կանխատեսել, թե նա ինչ որոշում կկայացնի, interpressnews.ge լրատվականի փոխանցմամբ՝ ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին:
Պապուաշվիլին այսպես է պատասխանել լրագրողի հարցին, թե արդյո՞ք ակնկալում է, որ նախագահը ներում կշնորհի մարտյան ցույցերին մասնակցած և ձերբակալված Լազարե Գրիգորիադիսին:
«Առայժմ դատաքննությունը շարունակվում է։ Կարծում եմ, վրացի ժողովուրդն արժանի է իմանալու, թե ով է եղել այն մարդը, որ Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ Մոլոտովի կոկտեյլ է նետել կենդանի մարդու վրա և այրել նրան։ Այս հարցին պետք է պատասխան տա Վրաստանի դատարանը, հետևաբար կարևոր է, նախ, արդարադատություն իրականացնել. եկեք սպասենք, թե ինչ կասի արդարադատությունը այս հարցի վերաբերյալ»,- ասել է Պապուաշվիլին։
Ի դեպ, Գրիգորիադիսին ոստիկանությունը ձերբակալել է մարտի 29-ի գիշերը։ Նա մեղադրվում է «ռուսական օրենքի» դեմ խորհրդարանի դիմաց տեղի ունեցած ցույցերի ժամանակ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու և ՆԳՆ-ին պատկանող ավտոմեքենան հրկիզելու համար։ Նրան սպառնում է 7-ից 11 տարվա ազատազրկում։