Փետրվարի 16-18-ը Մյունխենում կանցկացվի Անվտանգության ամենամյա համաժողովը։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին համաժողովին մասնակցելու պաշտոնական հրավեր է ստացել, մտադիր է մասնակցել։
Վրաստանի կառավարության վարչակազմից Radiotavisupleba լրատվականին հայտնել են, որ Մյունխենի համաժողովին մասնակցելու համար նախագահը չի դիմել կառավարության հավանությունը ստանալու:
Անվտանգության համաժողովին նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի մասնակցի։ Վարչակազմից հայտնում են, որ նա իր առաջին պաշտոնական այցը կկատարի Եվրոպայի քաղաքական մայրաքաղաք Բրյուսել։ Մյունխենի համաժողովում Վրաստանի կառավարությունը կներկայացվի արտաքին գործերի նախարարության մակարդակով: 2023 թվականին Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովին։
Մյունխենի անվտանգության համաժողովը հիմնադրվել է 1963 թվականի աշնանը, այս տարի լրանում է 60-ամյակը: Համաշխարհային առաջնորդները ֆորումին մասնակցում են ամեն տարի՝ միջազգային անվտանգության ամենահրատապ խնդիրների շուրջ քննարկումների համար:
Ի դեպ, 2023 թվականին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախագահ Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգ էր սկսել։ Սահմանադրական դատարանը համարել է, որ նախագահը խախտել է սահմանադրությունը՝ այցելելով արտերկիր, քանի որ դրա համար չի ունեցել կառավարության համաձայնությունը։ Կոբախիձեն այն ժամանակ հայտարարել էր, որ Զուրաբիշվիլին այլևս արժանի չէ նախագահի պաշտոնին։ Նախագահի իմփիչմենթը, սակայն, ձախողվեց. խորհրդարանական մեծամասնությունը չկարողացավ հավաքել անհրաժեշտ թվով ձայներ (100 ձայն)։