Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Վրաստան ժամանած լեհ և լիտվացի եվրապատգամավորների հետ միասին, միացել է Զաարբրյուկենի կամրջի վրա ընթացող կենդանի շղթայական ակցիա-ներկայացմանը։ Նախագահին ուղեկցում են նրա ընտանիքի անդամներն ու նախագահի աշխատակազմի աշխատակիցները։
Միասնության շղթան նախաձեռնել են եվրոպամետ ցույցերի մասնակիցները՝ «Վրացական երազանքի»՝ եվրանդամակցության գործընթացը դադարեցնելու որոշումից մեկ ամիս անց։ «Միասնության շղթան» երկու պահանջ ունի՝ նշանակել արտահերթ ընտրություններ և ազատ արձակել ցույցերի ժամանակ բերման ենթարկվածներին։
Բացի Թբիլիսիից, քաղաքացիների շղթան նախատեսված է նաև շրջաններում և աշխարհի մոտ քառասուն քաղաքներում։ Մայրաքաղաքում մարդիկ կենդանի շղթա են կազմում Մետեխի կամրջից մինչև Վախուշտիի կամուրջ։ Քաղաքական գործիչները նույնպես միանում են շղթային՝ քաղաքի տարբեր հատվածներում:
Հիշեցնենք, ուղիղ մեկ ամիս է անցել այն օրվանից, երբ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել փողոց՝ բողոքելու «Վրացական երազանք»-ի՝ եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման դեմ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ, պատժել ցուցարարների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին և ազատ արձակել ձերբակալվածներին։