Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին միացել է Ռուսթավելիի պողոտայում ընթացող ցույցին: Նախագահը նախատեսում է դիմել քաղաքացիներին:
Ցուցարարները Զուրաբիշվիլիին դիմավորել են ծափերով։ Նրանք Զուրաբիշվիլիից ծրագիր են պահանջում։ Տեղում աշխատում է «Ալիք Մեդիա Վրաստան»-ի նկարահանող խումբը:
Վրաստանի նախագահը, որ նաև երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, ասել է՝ դիմադրությունը չի ավարտվի, քանի դեռ երկրում նոր ընտրություններ չեն անցկացվել:
Դիմելով հատուկջոկատայիններին` Զուրաբիշվիլին ասել է. «Չե՞ք ամաչում ձեր երկրից, ձեր ընտանիքներից»:
Միաժամանակ Թբիլիսիի խորհրդարանի շենքի հարակից Ճիճինաձեի փողոցում ցուցարարների և իրավապահների միջև բախում է տեղի ունեցել: Ըստ տեղեկությունների՝ ցուցարարների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել: Ապրիլի 9-ի փողոցում և Ճիճինաձեի փողոցում մեծ թվով ոստիկանական ուժեր և հատուկջոկատայիններ են մոբիլիզացված։ Ցույցի մասնակիցներին թույլ չեն տալիս ազատ տեղաշարժվել: Ցուցարարները վանկարկում են` «ռուսնե՛ր, ստրուկնե՛ր» և ձվեր են նետում հատուկջոկատայինների ուղղությամբ:
Թբիլիսիում և մի շարք քաղաքներում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանք»-ի որոշման դեմ, ըստ որի՝ Վրաստանի չլեգիտիմացված կառավարությունը հրաժարվում է Եվրամիության հետ բանակցություններ սկսել մինչև 2028 թվականի ավարտը:
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման հետ: