Վրաստանի կառավարության վարչակազմից հայտնում են, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին չի դիմել կառավարությանը Ֆրանսիա իր այցի կապակցությամբ։ Նախագահը Ֆրանսիա է մեկնել այսօր՝ նոյեմբերի 9-ին, մասնակցելու Փարիզում նախատեսվող խաղաղության համաժողովին։
Երեկ՝ նոյեմբերի 8-ին, Օրբելիանիի պալատի առջև ունեցած ելույթում նախագահն անդրադարձել է նոյեմբերի 10-11-ը Փարիզում նախատեսվող խաղաղության համաժողովին, որին մասնակցելու է նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին․
«Վաղը ես կմեկնեմ Փարիզ, որտեղ անցկացվում է Խաղաղության ֆորումը, և որտեղ Շառլ Միշելի հետ (Եվրախորհրդի նախագահ) կմասնակցեմ ճգնաժամերի և հակամարտությունների քննարկման պանելային քննարկմանը»։
Նշենք, որ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտի անհաջող ընթացակարգից հետո սա կլինի նախագահի առաջին այցը արտերկիր։ Հոկտեմբերի 16-ին Վրաստանի Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի սահմանադրությունը՝ առանց կառավարության համաձայնության մեկնելով ԵՄ երեք երկիր։
Հոկտեմբերի 18-ին Վրաստանի խորհրդարանում նախագահի իմպիչմենտի հարցով քվեարկության արդյունքում Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնանկ չեղավ, քանի որ զգալի թվով պատգամավորներ չքվեարկեցին հօգուտ նախագահի պաշտոնանկության։ Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը չի կարող նույն հիմքով սկսել իմպիչմենտի ընթացակարգը։
Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արդեն երեկ՝ նոյեմբերի 8-ին, աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։