Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է խորհրդարանական ընտրություններին։ Նա քվեարկել է թիվ 67 հանրային դպրոցում տեղակայված ընտրատեղամասում։
Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ ինքը քվեարկել է նոր Վրաստանի օգտին։
«Ցանկանում եմ ողջ Վրաստանին շնորհավորել այսօրվա կապակցությամբ, որը ուրախալի օր է։ Այս անգամ քվեարկել եմ ոչ թե ում, այլ ինչի համար։
Ես քվեարկել եմ հանուն նոր Վրաստանի, հանուն որի 22 տարի առաջ եկա այս երկիր, որի համար իմ նախնիներն աղոթել են։ Ես քվեարկել եմ այն Վրաստանի օգտին, որի համար, վստահ եմ, ամբողջ Վրաստանն է աղոթում։ Երեկոյան մենք բոլորս կլինենք հաղթողներ։ Ոչ ոք չի պարտվի, քանի որ հաղթելու է Վրաստանը», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք, որ, ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրողներին կսպասարկեն 3 հազար 111 ընտրական տեղամասեր, որոնցից 3 հազար 44 ընտրատեղամասերը բացվել են Վրաստանի տարածքում, 67-ը` արտասահմանում։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցություններին, որոնք կհաղթահարեն 5 տոկոսի շեմը։
150 պատգամավոր ունեցող Վրաստանի խորհրդարանի ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցում են 18 քաղաքական կուսակցություններ/միավորումներ: Նրանց մասին հավելյալ տեղեկությունները հասանելի են այս հղմամբ: Այս խորհրդարանական ընտրությունները երկրի հատկապես արտաքին քաղաքական կուրսի համար վճռորոշ նշանակություն կունենան։
Հեղինակ՝ Տիրուն Բիչախչյան