Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՄԱԿ-ի ամբիոնից քննադատել է Վրաստանում առաջադրված «ռուսական օրենքները», որոնք իշխող «Վրացական երազանքը» նախատեսում է ընդունել քաղաքացիական սեկտորի ու լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու նպատակով։
Վրաստանի նախագահը դիմել է ՄԱԿ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին, որոնք քննարկել են կանանց և աղջիկների հզորացման, նորարարությունների, տեխնոլոգիական փոփոխությունների և թվային դարաշրջանում զարգացման հարցերը ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի՝ կանանց կարգավիճակի նիստի շրջանակներում։
«Վերջերս ի հայտ եկավ ևս մեկ մարտահրավեր, որը վերաբերում է քաղաքացիական հասարակության դերին, և որն իսկապես իր փոխակերպող գործառույթի առումով ամենակարևորներից մեկն է կանանց ձայնն առավել լսելի դարձնելու համար:
Այս առումով իմ երկրում որոշ խմբերի ներկայացրած օրենքի նախագիծը, որը կսահմանափակի հասարակական կազմակերպությունների ազատությունը, կլինի չափազանց վնասակար մեր հասարակության ժողովրդավարական վերափոխման, գենդերային խտրականության վերացման և, փաստորեն, մեր եվրաինտեգրման ուղու համար։
Ուստի ես արդեն արտահայտել եմ իմ խիստ անհամաձայնությունն այս օրենքի նախագծին և օգտվում եմ այս առիթից՝ իմ դիրքորոշումը հայտնելու նաև այստեղ»,- մարտի 6-ին ՄԱԿ-ում իր ելույթի ընթացքում ասել է Զուրաբիշվիլին:
Ի դեպ, ԱՄՆ-ում ՄԱԿ-ի կենտրոնակայան այցից առաջ Վրաստանի նախագահն ասել է, որ եթե նշված օրենքն ընդունվի, ինքը վետո կդնի դրա վրա։
Նշենք, որ Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը մարտի 6-ին առաջին ընթերցմամբ պաշտպանել է «օտարերկրյա գործակալների« մասին օրինագծերը։
Արտաքին հարաբերությունների հանձնաժողովից հետո իրավական հարցերի հանձնաժողովը երկրորդ և առաջատար հանձնաժողովն է, որն աջակցում է օրինագծերին։
«Օտարերկրյա գործակալների» փաթեթը երկու օրինագիծ է ներառում՝ «Օտարերկրյա ազդեցության մասին» և «Օտարերկրյա գործակալների գրանցման մասին»:
Աղմկահարույց այս երկու օրինագծերն էլ խորհրդարան է բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը։
Փաթեթը ենթադրում է «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։
Ընդգծենք՝ փաթեթը քննադատել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունը, ԵՄ-ն և ՄԱԿ-ի ներկայացուցչությունները, ՆԱՏՕ-ն, միջազգային այլ կառույցներ և եվրախորհրդարանականներ: