Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վարչակազմը հայտարարությամբ արձագանքել է մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի մեկնաբանությանը։ Պաշտոնական կայքում կարդում ենք, որ առաջադրված բոլոր անձանց Զուրաբիշվիլին սեպտեմբերին անձամբ կպարգևատրի Պատվո շքանշանով և մեդալով:
Վարչակազմի կարծիքով` Եվրոպայի առաջնությունում Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները դեբյուտային խաղից առաջ աջակցության և խրախուսման կարիք ունեն: Ըստ վարչակազմի տարածած հաղորդագրության՝ քաղաքապետի այդ հայտարարությունը Վրաստանի նախագահին վարկաբեկելու ևս մեկ փորձ է, որ արվում է թե՛ մեկ անձի միջոցով, թե՛ ինստիտուցիոնալ ձևով:
Ի դեպ, հունիսի 16-ին Կալաձեն նկատողություն է արել Զուրաբիշվիլիին այն պատճառով, որ վարչապետ Իրակլի Կոբախիձեի և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի ներկայացրած ցուցակից մի քանի հոգի չեն ընդգրկվել Պատվո շքանշան և մեդալ ստացողների ցուցակում։
Կալաձեի մեկնաբանությունից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ազգային հավաքականների ներկայացուցիչների մասնատումն անընդունելի է։ Ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ մրցանակաբաշխությանը մասնակցելու է միայն այն կազմով, որը վարչապետն ու խորհրդարանի նախագահը ներկայացրել են Զուրաբիշվիլիին:
Նշենք նաև, որ Վրաստանի նախագահի կողմից պարգևատրվածների թվում Կոբախիձե-Պապուաշվիլիի ներկայացրած 53-ից 13 հոգի (Ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահներ, մարզչական շտաբի և շտաբի մի քանի ներկայացուցիչներ) ներառված չեն եղել։