
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի խորհրդարանին կոչ է արել միջոցներ ձեռնարկել առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի սպանության հետաքննության ժամկետի երկարաձգման համար:
«Որպես Վրաստանի նախագահ չեմ կարող չկիսել Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի վիշտը և պահանջը, որպեսզի երկարաձգվի հետաքննության ժամկետը: Գիտեմ, որ համապատասխան օրենսդրական միջոցներ են պետք ձեռնարկել, որն իմ իրավասության շրջանակներից դուրս է: Դիմում եմ օրենսդիր մարմնին` հաշվի առնել իմ և Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի անդամների խնդրանքն այս հարցի վերաբերյալ»,- հայտարարել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, որ Վրաստանի առաջին նախագահի սպանության գործի հետաքննության ժամկետը լրանում է, սակայն գործը դեռևս չի բացահայտվել։ Ժամկետի երկարաձգման հարցով Զվիադ Գամսախուրդիայի որդիները շուրջ երկու շաբաթ գլխավոր դատախազության շենքում հացադուլ են անում: