Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկուն՝ նախօրեին «Վրացական երազանք»-ի նշանակած արտգործնախարար Մակա Բոճորիշվիլիի հետ հանդիպման համար։
Դեկտեմբերի 10-ին Վրաստանում Եվրամիության ներկայացուցչությունը հայտարարել էր, որ նախագահ Զուրաբիշվիլիին հյուրընկալել է ԵՄ անդամ երկրների դեսպաններին։
«Նրա աշխատանքը վճռորոշ է Վրաստանի ժողովրդավարական և եվրոպական նկրտումները պաշտպանելու համար։ ԵՄ-ն լրացուցիչ միջոցներ կդիտարկի հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք Խորհրդի նիստերում», — ասված է X սոցիալական ցանցում տարածած հայտարարության մեջ։
Դեկտեմբերի 11-ին նախագահ Զուրաբիշվիլին կիսվել է հանդիպման մասին հայտարարությամբ և հավելել. «Այն, ինչ այստեղ (ԵՄ ներկայացուցչության հայտարարության մեջ-հեղ.) գրված չէ, այն է, որ ես հանդիպումը սկսել եմ ԵՄ դեսպանի և դե ֆակտո արտգործնախարարի աղաղակող ձեռքսեղմման սուր քննադատությամբ։ Այդ քայլն իմ գովասանքին չի արժանացել»։
Իշխող «Վրացական երազանք»-ի կառավարության ԱԳ նախարար Բոճորիշվիլին դեկտեմբերի 9-ին հանդիպել է Հերչինսկու հետ։ Այս հանդիպման մասին տեղեկությունը տարածել է ԱԳՆ-ն և նշել, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների կարևոր ասպեկտները։
Ըստ հայտարարության, «իր հերթին Եվրամիության դեսպանը մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ»։ Իսկ վրացական կողմը «մտահոգություն հայտնեց, որ ընտրությունների հետ կապված քաղաքական շահարկումները շարունակվում են, և Եվրախորհրդարանի բանաձևով հնչեցված ուղերձները նպաստում են երկրում արհեստական ճգնաժամի ստեղծմանը, ինչպես 2020 թվականին»։
Հերչինսկու հանդիպումը Բոճորիշվիլիի հետ այն ժամանակ, երբ ԵՄ անդամ երկրների մեծամասնությունը չի շնորհավորել «Վրացական երազանք»-ին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, իսկ ընդդիմությունն ու նախագահը իշխանությունը համարում են ոչ լեգիտիմ, թե՛ Վրաստանում, թե՛ արտերկրում շատ քաղաքական գործիչներ ու մեկնաբաններ են քննադատել:
«Ամոթ: Դուք չեք ներկայացնում Եվրամիությունը»,- X-ում գրել է Լիտվայի Սեյմի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ժիգիս Պավիոլոնիսը:
«Ամոթ է։ Ուրիշ բան չկա ասելու։ Եվրամիություն, արթնացի՛ր»,- գրել է Էստոնիայի Ռիյգիկոգուի (Պետական ժողով) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը։
Դանիայում Վրաստանի նախկին դեսպան Գիգի Գիգիաձեն նշել է. «Մարդիկ գրեթե երկու շաբաթ փողոցներում են՝ հավատով, որ Եվրոպան կկանգնի Վրաստանի կողքին ազատության համար այս անարդար պայքարում։ Դեսպան Հերչինսկին դա ընդհանրապես չընդունեց։ Արդյո՞ք այս հանդիպումը համաձայնեցված էր Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության հետ»: