Նախագահը քննադատել է Բերսեի «գործակալների օրենքի» քննարկման նախաձեռնությունը

Դեկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ հանդիպումից հետո Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ալեն Բերսեն  և նրա պատվիրակությունը չունեն համապատասխան մանդատ ու իրավունք՝ չլեգիտիմացված իշխանությունների հետ «գործակալների օրենք»-ի վերաբերյալ հանձնաժողով կազմելու համար։

Ըստ նախագահի` Եվրախորհրդի պարտքն է խոսել մարդկանց նկատմամբ բռնության, նրանց իրավունքների ու ազատությունների սահմանափակման մասին։

«Ես հստակ բացատրեցի գլխավոր քարտուղարին և նրա պատվիրակությանը, որ իրենք ոչ մանդատ ունեն, ոչ պարտականություն, ոչ իրավունք որևէ մեկի կողմից դեռևս չճանաչված կառավարության հետ հանձնաժողով կազմելու, հատկապես՝ «ռուսական օրենքը» վերանայելու համար։ Ո՞ւմ է հետաքրքրում՝ փոխվել է ռուսական օրենքը, թե` ոչ», — ասել է նախագահը։

Բերսեն դեկտեմբերի 18-ից Վրաստան կատարած իր եռօրյա պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է կառավարության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Բերսեն հանդիպում է ունեցել նաև «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի հետ և երկու անգամ հանդիպել է Իրակլի Կոբախիձեի հետ։

Դեկտեմբերի 20-ին այցն ամփոփող ասուլիսում Բերսեն հայտարարեց, որ «Վրացական երազանք»-ը ներկայացուցիչների հետ պայմանավորվել են «գործակալների օրենք»-ի վերաբերյալ աշխատանքային խումբ ստեղծելու մասին։ Կոբախիձեն էլ ասել է, որ կառավարությունը պատրաստ է նման քննարկումների, սակայն, ըստ նրա՝ կառավարությանը պետք է «ապացուցեն» օրենքի թերությունները։ 

Բերսեի այս հայտարարությունը քննադատում են ընդդիմության ներկայացուցիչները։ Ընդդիմության առաջնորդներից Նիկա Գվարամիան Facebook-ում գրել է, որ չի աջակցում Բերսեի հայտարարած նախաձեռնությանը և «Շառլ Միշել 2 չի լինելու»։ Բերսեի հայտարարությունը քննադատել է նաև «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան։