Նախագահը հայտարարել է, որ հրաժարական չի տա, քանի որ խորհրդարանը լեգիտիմ չէ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ հրաժարական չի տա, որովհետև խորհրդարանը լեգիտիմ չէ։

«Ես կմնամ ձեր նախագահը, քանի որ չկա լեգիտիմ խորհրդարան: Ոչ լեգիտիմ խորհրդարանը չի կարող նոր նախագահ ընտրել, չի կարող լինել երդմնակալություն: Եվ իմ մանդատը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ չկա լեգիտիմ ընտրված խորհրդարան, որը օրինական կերպով իմ փոխարեն կընտրի մեկ ուրիշի»,- ասել է Զուրաբիշվիլին տեսաուղերձում։

Սալոմե Զուրաբիշվիլիի լիազորությունների ժամկետը լրանում է դեկտեմբերի 16-ին։ Ավելի վաղ «Վրացական երազանք»-ը հայտարարել էր, որ Վրաստանի նոր նախագահի ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 14-ին, իսկ երդմնակալությունը՝ դեկտեմբերի 29-ին։ Իշխանության կուսակցությունը նախատեսում է նախագահի պաշտոնում հաստատել Միխեիլ Կղավելաշվիլիին, որը հայտնի է իր հակաարևմտյան հռետորաբանությամբ։

Սալոմե Զուրաբիշվիլին դարձավ Վրաստանի վերջին ուղղակիորեն ընտրված նախագահը։ Պետության նոր ղեկավարին պետք է ընտրի 300 հոգանոց հանձնաժողովը։

Ներկայումս խորհրդարանում ներկայացված է «Վրացական երազանք»-ի ընդամենը 89 պատգամավոր։ Ընդդիմությունը կարծում է, որ ընտրությունները կեղծվել են և կտրականապես բացառում է օրենսդիր մարմնի աշխատանքին միանալը։