Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ևս մեկ անգամ հաստատել է, որ վետո է դնելու երեկ ընդունված «գործակալների օրենքի» վրա՝ ընդգծելով, որ նախագահը չի կարող օգտագործվել կառավարության «դեմքը փրկելու համար»։ Նրա խոսքով, վետո դնելով չի մտնի «արհեստական, խաբուսիկ բանակցությունների մեջ»։
Այսօր՝ մայիսի 15-ին, Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է աշխատանքային այցով Թբիլիսի ժամանած Լատվիայի, Էստոնիայի, Իսլանդիայի և Լիտվայի արտաքին գործերի (ԱԳ) նախարարներ Բայբա Բրաժեին, Մարգուս Ցահկնային, Թորդիս Կոլբրուն Ռեյկֆյորդ Գիլֆադոտտիրին և Գաբրիելիուս Լանդսբերգիսին:
Հանդիպումից հետո կայացած համատեղ ճեպազրույցում նախագահ Զուրաբիշվիլին ասել է, որ խոսել են այն «ծանր կետի» մասին, որը մայիսի 14-ին 84 պատգամավորների որոշումն էր. «Սա մի կետ է, որը ցույց է տալիս, որ իշխանությունը չլսեց ոչ իր ժողովրդի ձայնը, ոչ իր ընկերների խորհուրդը, ոչ էլ որևէ մեկի զգուշացումը՝ գնալով իր ճանապարհով»։
Զուրաբիշվիլիի խոսքով, սա Վրաստանին եվրոպական ճանապարհից շեղելու և անցյալ վերադարձնելու միջոց է, որը անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո ամուր կանգնած է դեպի Եվրամիություն ճանապարհի կեսին։ Նախագահի խոսքով, վրացական հասարակությունն այս փորձին արձագանքեց գրեթե մեկամսյա ամենօրյա բողոքով, ինչը վկայում է այն, որ բնակչության 80-85 տոկոսը կողմ է ԵՄ անդամակցությանը, միայն խոսքեր չեն, այլ իրականություն։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։
Խորհրդարանն ընդունեց «գործակալների մասին» աղմկահարույց օրենքը