«Այսօր տեղի ունեցածը մեծագույն հանցագործություն էր, սակայն դա որեւէ կերպ չի արդարացնում արհեստական ալիքը, հակակառավարական գործողությունները, որոնք ուղղված էին Խորհրդարան ներխուժելուն և Կառավարությունը տապալելուն: Ռուսաստանը մեր թշնամին է: Նրա կողմից ղեկավարվող հինգերորդ շարասյունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բացահայտ ագրեսիան», — այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուաբիշվիլին՝ արձագանքելով երկրում ընթացող իրադարձություններին:
«Ես կցանկանայի մեկ անգամ ևս նշել, որ երկրի և հասարակության պառակտումը բացի Ռուսաստանից որեւէ մեկին պետք չէ: Ռուսաստանն այսօր կիրառեց իր ամենափորձված զենքերից մեկը», — հավելել է Զուրաբիշվիլին:
Զուրաբիշվիլին անընդունելի է համարել Սաակաշվիլիի հայտարարությանը, որտեղ նախկին նախագահը «իր ստեղծած ոստիկանությանը կոչ էր անում չենթարկվել Իվանիշվիլիին և անցնել ցուցարարների կողմը»:
Հիշեցնենք, որ այս օրերին Թբիլիսիում նախատեսված ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը պետք է նախագահեր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, ինչը մեծ բողոքի առիթ է դարձել ու փողոց դուրս բերել հարյուրավոր քաղաքացիների։
Թեև արդեն օրվա երկրորդ կեսին սկսվեց խոսվել, թե որոշ ուժեր փորձում են այսպիսով քաղաքական դիվիդենտներ շահել, սակայն հատկանշական է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պնդում են, որ իրենց հետևում որևէ քաղաքական ուժ չկա ու իրենց կուսակցության անունը Վրաստան է։