Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տեսաուղերձով անդրադարձել է հոկտեմբերի 31-ին Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում ընդդիմադիր կին պատգամավորների հասցեին իշխող «Վրացական երազանք»-ի պատգամավորների սեքսիստական և վիրավորական հայտարարություններին։
Նախագահն իր համերաշխությունն է հայտնել կին պատգամավորներին և կոչ արել խորհրդարանի նախագահին միջոցներ ձեռնարկել։
«Այսօր ես լսեցի խոսքեր, որոնք վիրավորում են Վրաստանի ողջ խորհրդարանին։ Ես կարծում եմ, որ սա բացարձակապես անընդունելի է, խոսքեր չկան, որ սա անընդունելի է, դա իսկապես ամոթ է վրացիների, Վրաստանի, երկրի խորհրդարանի համար։
Կոչ եմ անում խորհրդարանի նախագահին ամենախիստ միջոցները ձեռնարկել այն մարդկանց նկատմամբ, ովքեր այսօր իրենց թույլ են տվել այսպես վարվել, որովհետև եթե նա դա չանի, ապա կկորցնի իր դեմքը Վրաստանի խորհրդարանում։ Կարծում եմ՝ նա պետք է արագ գործի և արձագանքի»,- ասել է Զուրաբիշվիլին:
Ի դեպ, հոկտեմբերի 31-ին «Վրացական երազանք»-ի պատգամավորներ Ալուդա Ղուդուշաուրին և Իրակլի Բերաիան սեքսիստական և վիրավորական արտահայտություններով են դիմել ընդդիմադիր կին պատգամավորներ Անի Ծիթլիձեին և Թեոնա Աքուբարդիային։