Նախագահը երկու ընդդիմադիր ուժի միավորման կոչ է արել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկու ընդդիմադիր խմբերի կոչ է արել  միավորվել գալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։

Նախագահը նման կոչ է արել  «Ուժեղ Վրաստան» կոալիցիային և նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Վրաստանի համար» կուսակցությանը։

«Որոշումը երկու եվրոպամետ ուժերի ձեռքում է՝ «Ուժեղ Վրաստան»-ի և «Վրաստանի համար»-ի: Հուսով եմ, երկրի  համար նման կարևոր պահին նրանք կկարողանան այնպիսի քայլ անել, որն ընտրողներին կտա ավելի հստակություն, ավելի որոշակիություն և ավելի մեծ ուժի զգացում»,- ասել է նախագահը։

Նախագահի խոսքով, այդ քայլն ընտրողներին կհամոզի, որ քաղաքական կուսակցությունները կարող են շատ բան զիջել հանուն երկրի փրկության և կարևոր դեր խաղալ եվրոպական ապագայի փրկության գործում, և դա ոչ ոք չի մոռանա:

Բանակցելու նպատակով նա «Լելոն՝ Վրաստանի համար» («Ուժեղ Վրաստան» կոալիցիայի մաս է — հեղ.) առաջնորդ Մամուկա Խազարաձեին և «Վրաստանի համար»-ի առաջնորդ Գիորգի Գախարիային հրավիրել է Աթոնելիի նստավայր: Նախագահի խոսքով՝ քաղաքական գործիչները պետք է իր մոտ հանդիպեն վաղը՝ սեպտեմբերի 17-ին։

Հիշեցնենք. Վրաստանում հերթական խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Ընդդիմադիր ընտրողների ձայները չկորցնելու համար որոշ կուսակցություններ որոշել են մասնակցել միասնական ցուցակով։ Այս հարցի շուրջ բանակցություններ են ընթացել «Լելո»-ի և «Վրաստանի համար»-ի միջև, բայց մինչ այժմ համաձայնության չեն հասել։