Նախագահը, ընդդիմությունն ու քաղհասարակությունը քննադատում են Բերսեին 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմադիր քաղաքական կուսակցություններն ու հասարակական կազմակերպությունները քննադատում են Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարեց, որ «Վրացական երազանք»-ից խոստացել են փոխել «գործակալների օրենք»-ը, և այդ նպատակով աշխատանքային խումբ կստեղծվի:

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, օրենքի վերաբերյալ քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, և օրենքը կփոխվի միայն այն դեպքում, եթե դրա «իրավական թերությունները» հիմնավորվեն։

Նախագահի կարծիքը

Զուրաբիշվիլիի կարծիքով, Բերսեն և նրա պատվիրակությունը «փոքր թյուրիմացության մեջ են»։ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Ալեն Բերսեն  և նրա պատվիրակությունը չունեն համապատասխան մանդատ ու իրավունք՝ չլեգիտիմացված իշխանությունների հետ «գործակալների օրենք»-ի վերաբերյալ հանձնաժողով կազմելու համար։ Ըստ նախագահի` Եվրախորհրդի պարտքն է խոսել մարդկանց նկատմամբ բռնության, նրանց իրավունքների ու ազատությունների սահմանափակման մասին։

«Ես հստակ բացատրեցի գլխավոր քարտուղարին և նրա պատվիրակությանը, որ իրենք ոչ մանդատ ունեն, ոչ պարտականություն, ոչ իրավունք որևէ մեկի կողմից դեռևս չճանաչված կառավարության հետ հանձնաժողով կազմելու, հատկապես՝ «ռուսական օրենքը» վերանայելու համար։ Ո՞ւմ է հետաքրքրում՝ փոխվել է ռուսական օրենքը, թե` ոչ», — ասել է նախագահը։

«Իրականությունից կտրված». ընդդիմություն

«Կարծում եմ՝ իրեն (Բերսեին-հեղ.) էլ է փոխվարչապետություն խոստացել Իվանիշվիլին»,- այսպես է արձագանքել նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան:

«Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան Facebook-ում գրել է, որ չի աջակցում Բերսեի հայտարարած նախաձեռնությանը և «երկրորդ Շառլ Միշել չի լինելու»:

«Ահաբեկիչների հետ բանակցել չի կարելի։ Բանակցելու բան չկա, միա՛յն նոր ընտրություններ: Ասված է և չպետք է վերանայվի։ Անհնար է բանտարկյալների առևտուր անել և ինչ-որ բարեփոխումների մասին խոսել մարդկանց խոշտանգումների ենթարկող, սահմանադրական հեղաշրջում կազմակերպող ոչ լեգիտիմ բանդայի հետ», — գրել է Գվարամիան։

Գվարամիայի թիմակից Նիկա Մելիան ասել է, որ այժմ բողոքի հստակ պահանջը նոր ընտրություններն են։

«Սա չի օգնի ճգնաժամին». ՀԿ-ներ

«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Նոնա Քուրդովանիձեի կարծիքով` ոչ մի աշխատանքային գործընթաց չի կարողանա «մեղմացնել» «գործակալների օրենք»-ը։

«Եվրախորհրդի գլխավոր խորհրդատվական մարմինը՝ Վենետիկի հանձնաժողովը, «ռուսական օրենք»-ի վերաբերյալ միանշանակ հայտարարել է, որ այս օրենքը փոփոխման ենթակա չէ, պետք է չեղյալ հայտարարել: Սակայն այս օրենքի չեղարկումը չի կարող օգնել ներկա ճգնաժամին։ Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հնչեցրած ձևաչափը չի կարող շտկել խոշտանգումների և անպատժելիության համակարգված պրակտիկան», — Facebook-ում գրել է Քուրդովանիձեն։

Նույն կարծիքին է «Սոցիալական արդարության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Թամթա Միքելաձեն։ Միքելաձեն քննադատել է ԵԽ գլխավոր քարտուղարին և նշել, որ իրավունքի վրա հիմնված մոտեցումներ ունենալու և Եվրախորհրդի շրջանակներում ստանձնած պարտավորությունների խախտման մասին հստակ հայտարարություններ անելու փոխարեն, Բերսեն քաղաքական աջակցություն էր ցանկանում գործընթացին, և «Վրացական երազանք»-ին անուղղակի աջակցություն ստացվեց:

«Ոչ մի կազմակերպություն չունի ռեժիմին ազնվացնելու մանդատ, երբ մարդկանց փողոցում խոշտանգում են, խոշտանգողներին պատվո շքանշաններ են խոստանում, իսկ մենք ամեն օր ավելի խիստ ավտորիտարիզմի սպառնալիքներ ենք ստանում։ Միայն հիմնարար փոխզիջումներից հետո կարելի է խոսել նորմալացման և լարվածության թուլացման մասին։ Ոչ ոք չի կարող այս գործընթացը ստեղծել երկօրյա այցով, Ստրասբուրգից տեսած Վրաստանով և առանց քաղաքական կշռի», — գրել է Միքելաձեն:

Բերսեն ավելի վաղ հայտարարել էր. «Մենք ունենք խոսքեր, խոստումներ («ռուսական օրենք»-ը փոխելու մասին- հեղ), պարտավորություններ, բայց այս ամենը պետք է փաստ դառնա»։ Նրա խոսքով, աշխատանքային խումբ ստեղծելու համար որոշակի ժամանակ կպահանջվի.

Ըստ Բերսեի՝ ինքը Վրաստան չի եկել «ընտրությունները լեգիտիմացնելու» համար. «Ես այստեղ չեմ եկել ընտրությունները լեգիտիմացնելու, դա այլ իրավասու կառույցների գործն է»։