Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է Ուկրաինայի վրա ռուսական հերթական հրթիռային հարձակմանը։ Զուրաբիշվիլին դատապարտել է Ռուսաստանի հրթիռային հարձակումը:
«Մենք խստորեն դատապարտում ենք այսօրվա հրթիռային հարձակումներն Ուկրաինայի քաղաքների վրա, այդ թվում՝ Կիևի ու մանկական հիվանդանոցի վրա: Սա ևս մեկ անգամ հստակ ցույց է տալիս Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի դաժան մեթոդները և այս պատերազմի ողբերգական հետևանքները»,- երեկ՝ հուլիսի 8-ին, X սոցիալական ցանցում գրել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք. հուլիսի 8-ին ռուսական ռազմական ուժերը տարբեր տեսակի հրթիռներով հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և մի քանի շրջանների վրա։ Ամենաշատ զոհերը Կիևում և Դնեպրոպետրովսկի մարզում են։
Կիևի քաղաքային-ռազմական վարչակազմի կողմից այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան թարմացված տվյալների համաձայն, Կիևում բժշկական հաստատությունների, բնակելի շենքի, արդյունաբերական հաստատության և բիզնես կենտրոնի վրա հարձակումների հետևանքով զոհվել է 27 մարդ, այդ թվում՝ 4 երեխա, նաև 117 վիրավոր կա։
Հուլիսի 9-ը սգո օր է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում, որտեղ ռուսական զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 25 մարդ։