Վրաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամկետները սահմանված են Վրաստանի Սահմանադրությամբ. առաջին նիստը կգումարվի ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումից ուղիղ 10-րդ օրը՝ նոյեմբերի 25-ին, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Ըստ Կոբախիձեի՝ խորհրդարանին ոչ մի երկրում ընդդիմության լեգիտիմությունը պետք չէ. «Եթե այլ կերպ լիներ, ապա ոչ մի ժողովրդավարական համակարգ չէր հաստատվի»:
Նրա խոսքով, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «հերթական անգամ խախտում է Վրաստանի Սահմանադրությունը և չի նշանակում խորհրդարանի առաջին նիստը»։
Կոբախիձեն ակնկալում է նաև, որ ընդդիմությունն ի վերջո կմտնի խորհրդարան. «Կարծում եմ, որ ի վերջո բոլորը կգան խորհրդարան»:
Նոյեմբերի 16-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը:
Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքները ճանաչում է միայն իշխող կուսակցությունը։ ԿԸՀ-ի ներկայացրած նախնական արդյունքներով՝ 11-րդ գումարման խորհրդարանում «Վրացական երազանք»-ն ստացել է 150 մանդատից 89-ը, մինչդեռ չորս ընդդիմադիրները ունեն ընդհանուր 61 մանդատ։ Ընդդիմությունը պնդում է` ընտրությունները կեղծվել են։
Ընտրական վարչությունը և դատարանը չեն բավարարել հասարակական սեկտորի ներկայացրած բողոքների մեծ մասը։
Միջազգային հանրությունը Թբիլիսիին կոչ է արել օբյեկտիվ հետաքննություն անցկացնել ընտրությունների վիճելի արդյունքների վերաբերյալ՝ ստուգելու համար կեղծիքների հետ կապված «լուրջ կասկածները»։