Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օրբելիանիի պալատում հանդիպել է առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի հետ։ Նախագահի գրասենյակից հայտնել են, որ Զուրաբիշվիլին նախարարից տեղեկացել է ախոնդրոպլազիա ախտորոշմամբ երեխաների բուժման և այդ խնդրով նախարարության ծրագրերի մասին։
Ապրիլի 26-ին տեղի է ունեցել հազվագյուտ հիվանդությունների, այդ թվում՝ ախոնդրոպլազիայի հարցերը համակարգող խորհրդի նիստ։ Նախարարությունից հայտնել են, որ խորհրդի անդամները խոսել են հազվագյուտ հիվանդությունների կառավարման, ուղեցույցների ու արձանագրությունների մշակման մեխանիզմների, այդ գործընթացում միջազգային փորձագետների ներգրավման մասին։
«Նիստում նախարարությունը ևս մեկ անգամ հստակ և միանշանակ հաստատեց այս ախտորոշմամբ երեխաների բուժումը, վերականգնումը և բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը ֆինանսավորելու խոստումը ինչպես Վրաստանում, այնպես էլ արտերկրում», — ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ին Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել էր ախոնդրոպլազիայով հիվանդ երեխաներին և նրանց ծնողներին։