Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պաշտպանում է Արդարադատության նախարարության առաջարկը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին բանտից մասնավոր կլինիկա տեղափոխելու՝ հետազոտության համար։
«Նախագահը կարծում է, որ պետք է ձեռնարկվեն բոլոր միջոցները նախկին նախագահի առողջությունն ապահովելու համար, որպեսզի նրա առողջության հետ կապված հարցեր չծագեն ո՛չ հասարակության, ո՛չ էլ եվրոպացի գործընկերների շրջանում»,- ասվում է նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Նախկին նախագահի կողմնակիցները, նրա ընտանիքի անդամներն ու քաղաքական դաշնակիցները պահանջում են Սաակաշվիլիին բուժման նպատակով արտասահման տեղափոխել։ Նրանք պնդում են, որ նրա առողջական վիճակը զգալիորեն վատացել է հացադուլից հետո։
Վրաստանի իշխանությունները նշում են, որ նախկին նախագահին տրամադրվում են անհրաժեշտ դեղերը, սակայն նա դրանց մի մասը չի ընդունում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն Սաակաշվիլիին առաջարկել էր տեղափոխվել «Վիվամեդի» կլինիկա բուժման նպատակով, ինչին նախկին նախագահը համաձայնել էր: