Երեկ՝ հունիսի 22-ին, «Վրաստանն առաջին հերթին» պահպանողական շարժման ներկայացուցիչ Խաթիա Ջանաշիան տուգանվել է 1000 լարիով՝ Օրբելիանի նախագահական պալատի մոտ Եվրամիության դրոշն այրելու համար։
Իշխանամետ POSTV-ի լրագրող Նաթիա Բերիձեն ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տուգանքի կտրոնը և քաղաքացիներին կոչ արել ցանկության դեպքում օգնել տուգանքի գումարը հավաքելու գործում:
Ի դեպ, հունիսի 22-ին, երբ Զուրաբիշվիլին ներում շնորհեց ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային, երկու քաղաքացիներ գնացել են նախագահական՝ բողոքելու որոշման դեմ: Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է նրանցից մեկն այրում ԵՄ դրոշը, իսկ մյուսը նկարում է այդ դրվագը:
Վերջիններս նախագահին անվանել են «դավաճան», «հայրենիքի թշնամի» և նշել, որ Զուրաբիշվիլին «այդ դրոշի պատճառով հայրենիքը փոխանակել է Արևմուտքի և նացիստների հետ»։
Ուշագրավ է նաև, որ նրանք բարձրախոսի միջոցով հնչեցրել են Գվարամիայի՝ Զուրաբիշիլիի մասին ավելի վաղ հնչեցրած ոչ պարկեշտ գնահատականները: Ընդգծենք, որ կալանավայրից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում Գվարամիան այդ գնահատականների համար ներողություն է խնդրել նախագահից: