Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել: Նախագահն իր ցավակցությունն է հայտնում Նավալնիի ընտանիքին:
«Ալեքսեյ Նավալնիի մահը ողբերգություն է ժողովրդավարության և մարդու իրավունքների բոլոր պաշտպանների համար: Ցավակցում եմ նրա ընտանիքին և նրանց, ովքեր Ռուսաստանում շարունակում են նրա պայքարը ժողովրդավարության համար»,- X-ի (Twitter) իր միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին:
Նավալնին մահացել է Ռուսաստանի Յամալ թերակղզու գաղութներից մեկում: Նա զբոսանքից հետո թուլություն է զգացել և գրեթե ակնթարթորեն կորցրել է գիտակցությունը։ Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները չեն կարողացել վերակենդանացնել բանտարկյալին։
Փետրվարի 14-ին քաղաքական գործչի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հայտնել էր, որ Նավալնին ազատազրկման ընթացքում 27-րդ անգամ է ուղարկվել պատժախուց: 2023 թվականից Նավալնին իր պատիժը կրում է Արևմտյան Սիբիրի հյուսիսում գտնվող Յամալի թերակղզում գտնվող «Полярный волк» հատուկ ռեժիմի գաղութում։
2023 թվականի օգոստոսին Մոսկվայի դատարանը Նավալնիին դատապարտեց 19 տարվա ազատազրկման՝ ծայրահեղական խմբավորում ստեղծելու, ծայրահեղականություն հրահրելու և ֆինանսավորելու մեջ մեղավոր ճանաչելուց հետո։ Քաղաքական գործիչն իրեն մեղավոր չի ճանաչել, բազմաթիվ իրավապահ կազմակերպություններ նրան քաղբանտարկյալ են համարել։
Մինչ ձերբակալությունը Ռուսաստանի Դաշնության ամենահայտնի ընդդիմադիր գործիչ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ քննադատ, ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար, բլոգեր Նավալնիին թունավորել էին «Новичок» կոչվող թունանյութով: Գերմանացի բժիշկների՝ ՌԴ ժամանումից և հատուկ հրավիրված կոնսիլիումից, երկար բանակցություններից և ռուսական կողմի հատուկ թույլտվությունից հետո միայն հաջողվեց Նավալնիին տեղափոխել Գերմանիա, որտեղ էլ հաստատվեց նրա թունավորման վարկածը:
Նավալնիի բուժումից, ձերբակալումից և մեղադրանքի մասին հայտնի դառնալուց հետո Ռուսաստանում տեղի էին ունեցել լայնամասշտաբ ու չարտոնագրված բողոքի ցույցեր՝ ի պաշտպանություն քաղաքական գործչի, որոնք անմիջապես ճնշվել էին: