Սեպտեմբերի 10-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Տնտեսական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի և «ՄըքՔեյն ինստիտուտ»-ի կողմից կազմակերպված Թբիլիսիի միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում էին մի շարք միջազգային քաղաքական դեմքեր և վրաց քաղաքական գործիչներ: Բարձր մակարդակի հյուրերի թվում էր նաեւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս ՖոգՌասմուսենը, որի հայտարարությունը ակտիվ քննարկումների առիթ դարձավ Վրաստանում:
Վրացական interpressnews լրատվականի հետ զրույցում ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հայտարարել էր, որ արդեն ժամանակն է, որպեսզի Վրաստանը նոր քննարկումներ սկսի ՆԱՏՕ-ին անդամագրվելու շուրջ:
«Կարծում եմ պետք է սկսել քննարկումներ: Ընդունելի կլինի, թե` ոչ, Վրաստանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով ՆԱՏՕ-ին անդամակցի, կամ`ս 5-րդ հոդվածի վրա հղվելով ընդգրկի միայն այն տարածքը, որը լիովին վերահսկվում է վրացական իշխանությունների կողմից, այսինքն` առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի: Հարց է, որն է ավելի ռիսկային՝ ներկա իրավիճակը, թե` նոր բանակցությունների մեկնարկը ՆԱՏՕ-ում հավանական անդամագրման շուրջ»,- հայտարարել էր Ռասմուսենը:
Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ հոդվածն ասում է, որ Դաշինքի անդամները պաշտպանում են միմյանց ագրեսիայից և նրա անդամներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես հարձակում բոլորի դեմ»:
Ռասմուսենի այս արտահայտությունը տարբեր լրատվականների միջոցով, այդ թվում ռուսական «Ռիա Նովոստի» և «Սպուտնիկ» լրատվականների կողմից խեղաթյուրված և կիսատ ներկայացվեց: Այսպես նշվում էր, թե իբր Ռասմուսենի հայտարարությունը նշանակում էր, որ Վրաստանը վերջնականապես պետք է հրաժարվի Աբխազիայից և Հարավային Օսիայից եւ անդամագրվի ՆԱՏՕ-ին առանց այդ շրջանների:
Իրականում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը նշանակում էր այսպես կոչված «գերմանական մոդելը»: Այսինքն, երբ 1955 թվականին Արևմտյան Գերմանիան դարձավ ՆԱՏՕ-ի անդամ, 5-րդ հոդվածը չէր տարածվում Արևելյան Գերմանիայի վրա: Սակայն Սառը պատերազմի ավարտից և Գերմանիայի միավորումից հետո Արևելյան Գերմանիան նույնպես միավորվեց Դաշինքին:
«Այս մեթոդը կարող է օգտագործվել նաև Վրաստանում»,- հայտարարել է Ռասմուսենը:
Վրաստանի Պաշտպանության նախկին նախարար Թինա Խիդաշելին Netgazeti-ի հետ զրույցում հայտնել է, որ այս մոդելի վերաբերյալ պաշտոնական մակարդակով երկար ժամանակ քննարկումներ են ընթանում:
«2008 թվականի պատերազմից հետո եւ այլ փուլերում, այս հարցը մշտապես օրակարգում է եղել: Մենք իրատեսական ելքեր ենք փնտրել այս փակուղային իրավիճակից: Նախկին իշխանությունները փնտրտուքի մեջ էին, հույս ունեմ, որ գործողները եւս ելքեր են փնտրում են»,- հայտարարել է Խիդաշելին:
Ինչ վերաբերում է Վրաստանի ներկայից իշխանության դիրքորոշմանը այս հարցի վերաբերյալ, խորհրդարանի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Իրակլի Սեսիաշվիլիի հայտարարությամբ, «այս հարցը պաշտոնապես օրակարգում չի եղել»: Իսկ իշխող կուսակցության առաջնորդներից Գիա Վոլսկիի հայտարարությամբ, «առաջարկը հետաքրքիր և արժի քննարկել»:
Թեմային անդրադարձել է նաև « Միասնական Վրաստան-Ժողովրդավարական շարժում» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, ով Վրաստանի «արևմտյան երկրպագուներին» խորհուրդ է տվել նախ Կիպրոսի օրինակով հասնել Վրաստանի` ԵՄ-ին անդամակցելուն, ինչը կապահովի երկրի զարգացումը և ժողովրդավարական ինստիտուտների կայացումը եւ միայն հետո նոր խոսել ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու մասին:
Անդերս ՖոգՌասմուսենը ավելի ուշ իր «Թվիթերյան» էջում գրառում է արել, որտեղ առաջարկում է ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների փակուղուց դուրս գալ: Ըստ նրա սա ցույց կտա Ռուսաստանին, որ սառեցված հակամարտությունների ստեղծումը չի կարող ընդմիշտ սառեցնել Վրաստանի ապագան:
Ի դեպ, սեպտեմբերի 12-ին Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական ասամբլեայի նախագահ Մեդլին Մունին: Երկօրյա այցի շրջանակներում Մունին հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, օրենսդիր և գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև կայցելի վրաց-օսական շփման գիծ: