Մարտի 18-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ «ՆԱՏՕ-Վրաստան 2019» զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը:
Բացման արարողությունը կատարեցին Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լելա Չիքովանին և ՆԱՏՕ-ի միավորված ուժերի կրթական կենտրոնի (JFTC) հրամանատարի տեղակալ, գեներալ Լադիսլավ Յունգը:
«ՆԱՏՕ-Վրաստան» զորավարժությունները պարբերական բնույթ են կրում, իրականացվում են Վրաստանի ԶՈւ-ի մարտունակության բարձրացման համար:
Զորավարժություններին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ 24 երկրներից շուրջ 350 ներկայացուցիչներ: Այդ երկրներն են՝ Ալբանիան, Բելգիան, Բուլղարիան, Չեխիան, Գերմանիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Հունաստանը, Միավորված Թագավորությունը, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Հոլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սլովակիան, Թուրքիան, ԱՄՆ-ն, Ադրբեջանը, Վրաստանը և Շվեդիան:
Ուսուցմանը ներգրավվել են նաև միջազգային խոշոր կազմակերպություններ՝ այդ թվում Կարմիր խաչը, ՄԱԿ-ի խաղաղարար առաքելությունների դեպարտամենտը և ՄԱԿ-ի առողջապահության կազմակերպությունը: