ՆԱՏՕ-ի ու ԵՄ-ի աջակիցների թիվն աճել է. NDI

Վրաստանի բնակչության շրջանում Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին աջակցությունն աճել է, տեղեկանում ենք «Ազգային ժողովրդավարական ինստիտուտի» (NDI) և «Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի» (CRRC) այսօր հրապարակած հարցման տվյալներից:

Հարցվածների 81 տոկոսն ընդունում է Վրաստանի կառավարության հայտարարած նպատակը՝ դառնալ Եվրամիության անդամ։ 9 տոկոսի համար այս նպատակն անընդունելի է, իսկ 9 տոկոսը չի կողմնորոշվել: 2022 թվականի օգոստոսի հարցման համեմատ Եվրամիությանն անդամակցելու կողմնակիցների թիվն աճել է 6 տոկոսով, իսկ հակառակորդների թիվը նվազել է 5 տոկոսով։

Հարկ է նշել, որ ԵՄ-ին աջակցությունն ամենացածրն է էթնիկ փոքրամասնությունների շրջանում՝ «չգիտեմ» պատասխանների հաշվին, իսկ ամենաբարձրը Թբիլիսիում է և մեծ քաղաքներում՝ 18-ից 34 տարեկան տարիքային կատեգորիայում:

Հարցված բնակչության մեծամասնությունը՝ 56 տոկոսը, կարծում է, որ Վրաստանի կառավարությունը ոչինչ չի անում կամ արվածը բավարար չի ԵՄ-ին անդամակցելու համար, իսկ 30 տոկոսի կարծիքով՝ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի երկիրը անդամակցի ԵՄ-ին։ Ի դեպ, իշխող «Վրացական երազանքի» կողմնակիցների մեկ երրորդը համարում է, որ իշխանությունը բավականաչափ քայլեր չի անում Եվրամիությանն անդամակցելու համար։

Իսկ ահա հարցված բնակչության 73 տոկոսը կողմ է, որ Վրաստանը դառնա Հյուսիսատլանտյան (ՆԱՏՕ) դաշինքի անդամ, ինչը 4 տոկոսով ավելի է, քան նախորդ հարցման տվյալներն էին։ Դաշինքին անդամակցությանը դեմ է 14 տոկոսը, 11 տոկոսը՝ չի պատասխանել: Ընգծենք, որ  ՆԱՏՕ-ին աջակցությունն ամենացածրն է էթնիկ փոքրամասնությունների շրջանում՝ «չգիտեմ» պատասխանների հաշվին, իսկ ամենաշատը՝ խոշոր քաղաքներում:

Ըստ տարիքային կատեգորիայի` ՆԱՏՕ-ի կողմնակիցների թիվն ամենաբարձրն է (78 տոկոս) 18-34 տարեկան քաղաքացիների շրջանում և ավելի ցածր (66 տոկոս) 55 և ավելի բարձր տարիքի մարդկանց շրջանում։ «Վրացական երազանքի» կողմնակիցներն ավելի քիչ են աջակցում (75 տոկոս) ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քան ընդդիմադիր ընտրողները (79 տոկոս)։

Ի դեպ, նշված հարցումը հիմնված է Վրաստանի չափահաս բնակչության դեմ առ դեմ հարցման արդյունքների վրա, որն անցկացվել է Վրաստանի ողջ տարածքում՝ (բացառությամբ օկուպացված տարածքների) դեկտեմբերի 3-ից դեկտեմբերի 20-ը:

Հարցումն ընդհանուր առմամբ ներառում է 2 519 հարցազրույց։ Հարցման մեջ սխալի միջին սահմանը +/- 1,6 տոկոս է։ NDI-ի հետազոտությունն իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ:

«Վրացական երազանք»՝ 25, ՄԱՇ՝ 6 տոկոս. կուսակցություններին աջակցությունը՝ ըստ NDI-ի