ՆԱՏՕ -ի ռազմական կոմիտեն չորրորդ այցն է կատարել Վրաստան։
«ՆԱՏՕ -ն և Վրաստանն ունեն յուրահատուկ գործընկերություն, որն ավելի է ամրապնդվում», — Վրաստանի պաշտպանության նախարար Խուանշեր Բուրչուլաձեի հետ հանդիպմանն ասել է ՆԱՏՕ -ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը։
Խոսելով ՆԱՏՕ -ի եւ Վրաստանի սերտ կապերի մասին նշել է նաև, որ գործընկերությունը միշտ փոխշահավետ է եղել:
ՆԱՏՕ ռազմական մարմնի ղեկավարը նաև ընդգծել է Կոսովոյում Հյուսիսատլանտյան դաշինքի առաքելությանը Վրաստանի ներգրավվածության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի կազմում ակտիվ գործունեության կարևորությունը: Նա հատուկ ուշադրություն է դարձրել «ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության փաթեթի» իրականացմանը: Բաուերի խոսքով՝ այս համատեքստում ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն էլ ավելի ինտենսիվ է դառնում ոչ միայն ծովային, այլև օդային, ցամաքային տարածքում և կիբերանվտանգության ոլորտում:
Կոմիտեի ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է՝ ՆԱՏՕ-ն կշարունակի աջակցել Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:
Վրաստանի ՊՆ նախարարի խոսքով, հանդիպման օրակարգում էին պաշտպանական բարեփոխումները, ՆԱՏՕ-ի հետ ռազմական համագործակցության առաջնահերթությունները, ՆԱՏՕ-Վրաստան նորացված փաթեթի (SNGP) իրականացման առաջընթացը, ինչպես նաև Սև ծովի անվտանգության խնդիրները։
Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ դաշինքի բարձրագույն ռազմական մարմնի այցը վերահաստատում է ՆԱՏՕ-ի լիակատար աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և եվրաատլանտյան ձգտումներին: