Վրաստան ժամանած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, այնուհետև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Քննարկումների առանցքային թեման ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունն ու Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացն է եղել։
Ստոլտենբերգը և Կոբախիձեն կառավարության վարչակազմում կայացած հանդիպումից հետո հայտարարություններ են արել լրատվամիջոցների համար։ Կոբախիձեն շնորհակալություն է հայտնել Ստոլտենբերգին՝ Վրաստանին և նրա եվրատլանտյան ձգտումներին, ինչպես նաև երկրի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու համար։ Նա հավելել է, որ բարձր է գնահատում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի լիարժեք և արդար հայտարարությունները՝ կապված Վրաստանի օկուպացված տարածքներում տեղի ունեցող իրադարձությունների հետ։
Վարչապետն ասել է, թե ուրախ է, որ գլխավոր քարտուղարի հետ ևս մեկ անգամ քննարկել է ՆԱՏՕ-Վրաստան համագործակցության հարցերը և Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու գործընթացը։
«Վրաստանը դաշինքի ամենահավատարիմ և վստահելի գործընկերներից է… Տարիներ շարունակ մեր երկիրն ակտիվորեն մասնակցել է ՆԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող գործողություններին՝ դրանով իսկ զգալի ներդրում ունենալով ընդհանուր եվրատլանտյան անվտանգության ամրապնդման գործում։ Մյուս կողմից՝ ՆԱՏՕ-ն կարևոր դեր է խաղացել և շարունակում է խաղալ Վրաստանի պաշտպանունակության զարգացման գործում»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետը կարծում է, որ ՆԱՏՕ-ն մնում է եվրատլանտյան անվտանգության գլխավոր երաշխավորը։ Կառավարության աշխատակազմի հաղորդագրության համաձայն, հանդիպմանը շոշափվել են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման, ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունների օրակարգը և հետագա համագործակցության հեռանկարները։ Վարչապետը նշել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունն է՝ որպես ՆԱՏՕ-ին հավակնող երկրի, որին աջակցում է երկրի սահմանադրությունը։ Ուշադրություն է դարձվել Սև ծովի անվտանգության խնդիրներին և Սևծովյան տարածաշրջանի կայունության կարևորությանը եվրատլանտյան ընդհանուր անվտանգության ապահովման գործում:
Ստոլտենբերգը հերթական անգամ իր աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Ըստ նրա՝ Վրաստանը ՆԱՏՕ-ի ամենամոտ գործընկերներից մեկն է։
«Մենք մեծապես գնահատում ենք ձեր կարևոր ներդրումը ՆԱՏՕ-ի առաքելություններում և գործողություններում: Նաև լիովին աջակցում ենք Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են: ՆԱՏՕ-ն կրկին կոչ է անում Ռուսաստանին` չեղարկել Վրաստանի տարածքները որպես անկախ պետություններ ճանաչելու հրամանը։ Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված տարածքներում Ռուսաստանի ընտրությունների անցկացումը լիովին անօրինական է, և պարզ է, որ ՌԴ նախագահական ընտրությունները ոչ ազատ են եղել, ոչ՝ արդար»,- ասել է Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգը ողջունել է այն փաստը, որ Վրաստանում ապաստան հայցող հազարավոր ուկրաինացիներ կան, որոնք ֆինանսական և մարդասիրական օգնություն են ստանում։ Գլխավոր քարտուղարի ելույթի թեմաներից մեկը վերաբերում էր Սև ծովի անվտանգությանը. «Այսօրվա հանդիպմանը մենք խոսեցինք Սև ծովի անվտանգության մասին, որը կարևոր է ինչպես Վրաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի համար։ Ռուսաստանի պատերազմը վտանգի տակ է դրել նավագնացությունը Սև ծովով և սպառնում է պարենամթերքի մատակարարման շղթային ամբողջ աշխարհում: Սակայն, մեր աջակցությամբ Ուկրաինան հակահարված տվեց և խոցեց ռուսական նավատորմի զգալի մասը Սև ծովում։ Այս հաջողությունը թույլ տվեց Ուկրաինային թարմացնել ցորենի մատակարարումը, որն այնքան կարևոր է տնտեսության և համաշխարհային պարենային անվտանգության համար»:
Ստոլտենբերգն ընդգծել է Վրաստանի հետ գործընկերության ծրագրի թարմացումը. «ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությունն արդեն ամուր է, և այսօր մենք քննարկել ենք, թե ինչպես կարող է հետագայում զարգանալ։ Հունվարին մենք պայմանավորվեցինք թարմացնել գործընկերության պլանը, որը հարմարեցված է Վրաստանի անհատական կարիքներին, որպեսզի խորացնենք մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև: Նաև ես ողջունում եմ առաջընթացը, որը ձեռք է բերվել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճգնաժամային կառավարումը, կիբերանվտանգությունը և ռազմական ճարտարագիտությունը»:
Ստոլտենբերգը նաև նշել է, որ ընդամենը մի քանի օր առաջ թուրքական ռազմածովային ֆրեգատն այցելել է Բաթումի՝ ծովային պաշտպանության ոլորտում վրացի գործընկերներին վարժեցնելու նպատակով. «Սա օրինակ է այն բանի, թե ինչպես ենք մենք համատեղ ձեռնարկում գործնական նախաձեռնություններ՝ բարձրացնելու համար ծովային կարողություններն ու ներուժը: Սա կարևոր է Վրաստանի, Սևծովյան տարածաշրջանի և ՆԱՏՕ-ի համար»:
Գլխավոր քարտուղարը կրկնել է Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշումը. «ՆԱՏՕ-ն ձեր կողքին է ավելի ուժեղ ժողովրդավարության և լիարժեք եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին: Կողքին լինելը հաստատում է Բուխարեստի որոշումը, ըստ որի՝ Վրաստանը կդառնա դաշինքի անդամ»։
Ստոլտենբերգը խոսել է Վրաստանում ներքին բարեփոխումների կարևորության մասին։ Նա նշել է, որ այն, ինչ Վրաստանն անում է ԵՄ-ին միանալու համար, նույնը պետք է անի ՆԱՏՕ-ի լիարժեք դաշնակից դառնալու համար:
«Կարևոր է, որ Վրաստանը շարունակի ամրապնդել տեղական բարեփոխումները, ժողովրդավարական արժեքները և օրենքի գերակայությունը, այդ թվում՝ այս տարվա հոկտեմբերին ազատ և արդար խորհրդարանական ընտրություններ կազմակերպելով»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ստոլտենբերգին Վրաստանի նախագահական նստավայրում հյուրընկալել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: Խոսել են եվրոպական և եվրատլանտյան կառույցներին Վրաստանի ինտեգրման գործընթացի և ձեռք բերված առաջընթացի մասին։
Զրույցում շոշափվել են Ուկրաինայում շարունակվող պատերազմը, Ռուսաստանի ագրեսիան, միջազգային գործընկերների և Համագործակցության կողմից Ուկրաինայի հետ համերաշխության կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Նաև ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի ագրեսիվ գործողությունների պատճառով տարածաշրջանում աճող սպառնալիքների ֆոնին կողմերն ընդգծել են Սև ծովի անվտանգության կարևորությունը։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախագահի հետ հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ իր անսասան աջակցությունն է հայտնել Վրաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Վրաստանի օկուպացված շրջաններում Ռուսաստանի Դաշնության նախագահական ընտրությունների անցկացմանը։ Նախագահը նշել է, որ դա կոպտորեն խախտում է Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և լիովին հակասում է միջազգային նորմերին։
Նախագահն ուշադրություն է հրավիրել օկուպացված տարածքներում տիրող իրավիճակի վրա:
Ի դեպ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան է ժամանել Բաքվից և Թբիլիսիից կմեկնի Երևան։
Նշենք նաև, որ օրերս վարչապետ Կոբախիձեն Բաքվում էր, առաջիկայում այց է նախատեսվում Երևան: